Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան է ժամանել ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնը: Նախօրեին Օլսոնը հանդիպել է ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի կառավարությանը կից Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Օլսոնը մեկնաբանել է իրավիճակը, որը ստեղծվել է ԵԱ-2008 ընտրական փուլում, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվեցին նույն խմբում: Գործադիր տնօրենն ասել է, թե ՈՒԵՖԱ-ն պատրաստ է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, կհետազոտի ստեղծված իրավիճակը եւ համապատասխան եզրակացություններ կանի: Ըստ Օլսոնի, ՈՒԵՖԱ-ն ցանկանում է, որ հավաքականների միջեւ խաղերն անցնեն Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում, սակայն, «հասկանալի է, որ կան անվտանգության հետ կապված խնդիրներ»: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ֆուտբոլային դիմակայությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ քաղաքական երանգ չի ստանա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: