Անկարան շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները, այլ ոչ թե անդամակցելու Մաքսային միությանը, պնդում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, որը մեծ անակնկալ էր հենց Թուրքիայի համար:
«Գիտեմ, որ հետաքրքրություն են հայտնում ոչ այնքան ՄՄ-ին միանալու հարցում, որքան միության հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ»,-հայտարարել է Լավրովը, գրում է «Կոմերսանտը»:
Ըստ նրա, օրերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը նույնպես շահագրգռվածություն հայտնեց ՄՄ-ին մերձենալու հարցում՝ այն է, ազատ առևտրի գոտու ստեղծման առումով: Այդ նույն թեմայով ՄՄ-ն դեռ անցյալ տարվանից բանակցում է Վիետնամի, Նոր Զելանդիայի ու Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ:
«Հետաքրքրությունը, որ հայտնում են այլ երկրները, բնական է և լիովին կառուցողական է ընդունվում մեր եռյակի կողմից,-հավաստիացրել է Լավրովը:-Մաքսային միությունը փակ դաշինք չէ, այն բաց է այլ երկրների հետ համագործակցության համար»:
Աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել էր, որ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն այն մասին, թե Անկարան ուզում է ոչ թե ուղղակի զարգացնել հարաբերությունները Մաքսային միության հետ, այլ հենց անդամակցել նրան, «անակնկալ» դարձավ թուրքական կողմի համար:
Նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է լուծարել Եվրասիական Տնտեսական Ընկերակցությունը (ԵվրԱզԷՍ): Նա բացատրել է դա նրանով, որ արդեն գոյություն ունի Մաքսային միություն, իսկ երկու զուգահեռ կազմակերպությունների անհրաժեշտություն այսօրվա դրությամբ չկա:
Նա նաև առաջարկել է Թուրքիային ևս ընդունել Մաքսային միության շարքերը: «Թուրքիայի նախագահը դիմել է ինձ ՄՄ-ին անդամակցելու խնդրանքով: Եկեք ընդունենք Թուրքիային»,-ասել է Նազարբաևը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Ըստ նրա, արտերկրում նրան հաճախ են հարցնում, թե «մենք ի՞նչ ենք ստեղծում՝ ԽՍՀՄ թե Ռուսաստանի գլխավորությամբ ինչ-որ բան»:
«Գուցե Թուրքիային ընդունենք, մեծ երկիր է, ու այդ խոսակցությունները վերջանա՞ն»,-առաջարկել է Նազարբաևը ՌԴ և Բելառուսի նախագահներին:
«Նույն հետաքրքրվածությունը ՄՄ հանդեպ ունի նաև Հնդկաստանը, որը կցանկանար ՄՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր կնքել»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա վստահ է, որ հարկավոր է շատ զգուշավոր մոտենալ ՄՄ ընդլայնմանն ու միասնական պահանջներ ներկայացնել բոլոր թեկնածուներին:






