AM
28 Հոկտեմբեր 2013 - 08:07 AMT

Վրաստանի նոր նախագահ է ընտրվել Գեորգի Մարգվելաշվիլին

Կիրակի օրը Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Այդ մասին են վկայում մի քանի էքզիտ-փոլերի տվյալները:

Ըստ «Իեմդի» հեռուստատեսության պատվերով անցկացված հարցման, նա ստացել է ձայների 68 տոկոսը, Դավիթ Բաքրաձեի օգտին, որը հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» թեկնածուն է, քվեարկել է ընտրողների 17,1 տոկոսը, երրորդ տեղում է 9,9 տոկոսով «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն 9,9 տոկոսով:

Մյուս 19 թեկնածուները հավաքել են յուրաքանչյուրը 3 տոկոսից ոչ ավելի, վերջնական տվյալները կարող են փոխվել 1-2 տոկոսով: Ընտրացուցակներում ընդգրկված է եղել 23 թեկնածու, սակայն նրանցից մեկը՝ «Ավանդապահների միության» նախագահ ու խորհրդարանի նախկին խոսնակ Ակակի Ասատիանին իր թեկնածությունը հանեց հօգուտ Նինո Բուրջանաձեի: Ըստ Վրաստանի ընտրական օրենսգրքի, ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա 50 տոկոս գումարած մեկ ձայն: Ներկայութան շեմ սահմանված չէ:

Մասնակցությունն այնքան մեծ չէր՝ ԿԸՀ վերջին տվյալներով ընտրատեղամասեր է եկել ընտրողների 46,6 տոկոսը: Քվեարկածների թվում էր նաև նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն՝ քվեատուփը տուն են տարել նրա համար:

Գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընտրությունների օրն անց է կացրել Անակլիա հանգստավայրում: Մեկնաբանելով քվեարկության հնարավոր արդյունքները՝ հեռացող նախագահն ասել է, որ նա չի մեկնի երկրից: «Ես պատրաստվում եմ այն շրջանին, երբ գոնե մի փոքր կկարողանամ հանգստանալ, ուժ հավաքել: Ընդհանուր առմամբ, ես չեմ հոգնել, սակայն զգացմունքային առումով ես գերծանրաբեռնված եմ»,-ասել է նա լրագրողներին, երեկոյան վերադառնալով Թբիլիսի:

Գեորգի Մարգվելաշվիլիի նախընտրական շտաբում այսօր հայտարարել են, որ քվեարկությունն անցել է առանց լուրջ խախտումների: Սահակաշվիլիի կուսակցությունը մեղադրել է Վրաստանի իշխանություններին համատարած խախտումների մեջ: Դա, սակայն, չի խանգարել թեկնածու Դավիթ Բաքրաձեին շնորհավորել Գեորգի Մարգվելաշվիլուն: «Ընդհանուր առմամբ պատկերը պարզ է և ԿԸՀ տվյալները քիչ բան կարող են փոխել, ուստի ես շնորհավորում եմ Գեորգի Մարգվելաշվիլիին հաղթանակի կապակցությամբ և ցանկանում եմ, որ նա արդարացնի մարդկանց վստահությունը: Որպես ընդդիմության առաջնորդ ես պատրատ կլինեմ շարունակել համագործակցությունը նախագահի ու կառավարության հետ, որպեսզի մեր երկիրն առաջ շարժվի ու ժողովուրդն ավելի լավ ապրի»,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Նինո Բուրջանաձե իր հերթին մեղադրել է երկու կուսակցություններին գործարքի մեջ քվեարկությունը կեղծելու նպատակով: Բուրջանաձեն հայտարարել է, որ չի հավատում էքզի-փոլերի արդյունքներին և հուսով է, որ երկրորդ փուլ կլինի:

Մարգվելաշվիլիի կուսակից Բիձինա Իվանիշվիլին նույնպես շնորհավորել է հաղթողին ընտրություններից հետո կայացած հանրահավաքում: Նա սպասելի է համարել ընտրությունների արդյունքները:

«Դա էր իմ վերլուծության արդյունքը, եթե մենք 60 տոկոսից քիչ ստանայինք, ես կկասկածեի, որ վրաց ժողովուրդը երախտագիտության զգացմունք ունի»,-ասել է նա, հայտնում է INTERFAX.RU-ն: