AM
28 October 2013 - 08:28 AMT

Տիգրան Սարգսյան. Տնտեսական աճի տեմպը 2013 թվականին դանդաղել է

Տնտեսական աճի տեմպը 2013 թ. ընթացքում դանդաղել է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ելույթ ունենալով 2014 թ. բյուջեին նվիրված նախնական քննարկումների ժամանակ: Ըստ Տ. Սարգսյանի՝ աճի դանդաղման հիմնական պատճառները բաժանվում են 2 խմբի՝ արտաքին և ներքին: Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում գործընթացները էական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, իսկ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները գլոբալ առումով:

Ներքին գործոններից Տ. Սարգսյանն առանձնացրեց բիզնես միջավայրի դանդաղ բարելավումը, որոշ առումով՝ նաև նահանջը: Մասնավոր ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը վերջին 5 տարում նվազել են: Թեև doing business-ում 48-րդն են, սակայն, ըստ Տ. Սարգայանի, կարող ենք լինել առաջին քսանյակում; Բացի այդ՝ մի շարք ցուցանիշների գծով 100-րդ տեղից ցածր ենք: Դա վերաբերում է վարչարարությանը, առևտրի պայմաններին, հարկային բեռին, պայմանագրերի կատարմանը: Բյուրոկրատիայի բարձր աստիճան կա շինթույլտվությունների ոլորտում:

Տ. Սարգսյանն ասաց նաև, որ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոոկոսադրույքի կես տոկոսային կետով բարձրացումը (ներկայում այն 8,5% է) զսպողական ազդեցություն է թողել տնտեսական միջավայրի վրա:

Կառավարությունը հետևողականորեն բարձրացնելու է աշխատավարձերը, այդ թվում՝ մասնավոր ոլորտում: Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամից առաջիկա տարիներին հասցնելու են 70 հազ. դրամի:

Նշենք, որ ներկայում նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ է, 2014 թ. բյուջեի նախագծում նշված է 50 հազ. դրամը: 2014 թ. հուլիսի 1-ից քաղծառայողների աշխատավարձը կբարձրանա մոտ 40%-ով:

Ըստ ԱՄՀ «Գլոբալ տնտեսական կանխատեսում» (World Economic Outlook – WEO)զեկույցի, ՀՆԱ աճը Հայաստանում 2013 թվականին կարող է կազմել 4,6 տոկոս, 2014 թ.՝ 4,8 տոկոս, իսկ 2018-ին՝ 5,5 տոկոս: ԱՄՀ զեկույցում ասվում է, որ Հայաստանի տնտեսության աճի դանդաղումը 2013 թ. հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում տեմպերի դանդաղեցման հետ 2012 թ. նախորդ ցուցանիշների համեմատ: Զեկույցի հեղինակները դա կապում են կլիմայական պայմանների ու գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ:

Ըստ զեկույցի ապրիլյան տարբերակի, ՀՆԱ աճը Հայաստանում 2013 թ. համար կազմել է 4,5 տոկոս, իսկ 2014-ին կանխատեսվում է 4,1 տոկոս:

Ըստ վիճակագրության, Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2013 թ. սեպտեմբերին կազմել է 150 130 դրամ՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,8 տոկոսով: Ընդ որում սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 0,3 տոկոսով: Միաժամանակ 2013 թ հունվար-սեպտեմբերին աշխատավարձը կազմել է 146 367 դրամ, ինչն ավելի է 2012 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 4 տոկոսով:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական հաստատություններում միջին ամսական աշխատավարձը սեպտեմբերին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով՝ կազմելով 119 403 դրամ, իսկ սեպտեմբերին 2013 թ. օգոստոսի համեմատ աճը կազմել է 2,5 տոկոս՝ 116 536 դրամ:

Ոչ պետական կազմակերպություններում միջին աշխատավարձի աճը 2013 թ. սեպտեմբերին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8,7 տոկոս, հասնելով 183 997 դրամի: Ըդն որում սեպտեմբերին 2013 թվականի օգոստոսի համեմատ 1.5 տոկոս անկում է գրանցվել: Միաժամանակ 2013 թ հունվար-սեպտեմբերին՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,4 տոկոս՝ 180 233 դրամ:

Կառավարության 2013-2017 թթ. ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում: Ըստ ծրագրի 2014 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62,5 հազար, իսկ 2017 թ.՝ 70 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն 2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է 30 տոկոսով՝ կազմելով 45 հազար դրամ, ինչը պահանջեց պետբյուջեից լրացուցիչ 6 մլրդ դրամ: Աշխատավարձերի հաշվարկի նոր համակարգը կներմուծվի 2014 թ. հունվարի 1-ից, ինչը բյուջեից կպահանջի լրացուցիչ 50 մլրդ դրամ:

Օգոստոսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրթության ու գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2017 թ. նվազագույն աշխատավարձը կկազմի 90 հազար դրամ: