AM
31 Հոկտեմբեր 2013 - 08:15 AMT

Էլհան Շահինօղլու. Մոսկվան կճնշի Ադրբեջանին ՄՄ-ին անդամակցելու հարցում

Եթե Ադրբեջանը չանդամակցի Մաքսային միությանն և Եվրասիական տնտեսական ընկերակցությանը, ապա կարող է երեք ուղղությամբ ճնշման ենթարկվել: Այդ մասին հայտարարել է «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն: «Առաջին, հիմնական ուղղությունը Լեռնային Ղարաբաղն է: Ռուսաստանն էլ ավելի կսատարի Հայաստանին: Իրականում, Մոսկվան միշտ է նրան սատարել: Սակայն, եթե Երևանը հրաժավեր Մաքսային միությանն անդամակցելուց ու Ասոցացման համաձայնագիր կնքեր ԵՄ հետ, Մոսկվայի քաղաքականությունը կփոխվեր՝ Ադրբեջանի փոխարեն ավելի մեծ ճնշում կգործադրվեր Հայաստանի վրա: Բայց անգամ այդ դեպքում Ռուսաստանը հազիվ թե Բաքվինօգնություն ցուցաբերեր ղարաբաղյան կարգավորման հարցում: Չեմ կարծում, որ եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով սկսի ազատագրել իր տարածքները, Մոսկվան անհաղորդ կմնա»,- ասել է Շահինօղլուն:

Ադրբեջանի հանդեպ ճնշման երկրորդ ուղղությունը կարող է դառնալ նաև ՌԴ քաղաքական փոփոխությունը ներգաղթյալների հարցում: Շահինօղլուն գտնում է, որ Ռուսաստանը կխստացնի քաղաքականությունն այն երկրների ներգաղթյալների հանդեպ, որոնք չեն միանա Մաքսային միությանը: Եվ վերջապես, երրորդ ուղղությունը կարող է կապված լինել առևտրի խնդիրների հետ: Ռուսաստանը կարող է խոչընդոտել Ադրբեջանից մրգերի ու բանջարեղենի ներմուծմանը: Այդ դեպքում ադրբեջանցի արտադրողների մթերքը կփչանա և նրանք սպառման շուկայի բացակայության պատճառով կորուստներ կունենան»,-գտնում է ադրբեջանցի քաղաքագետը:

«Դեմ եմ Ադրբեջանի անդամակցությանը Մաքսային միությանը: Սակայն հրաժարվելով հարկավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ հնարավոր դժվարություններից ու խնդիրներից խուսափելու համար: Մասնավորապես, հարկավոր է աշխատատեղեր ստեղծել Ադրբեջանի շրջաններում, որպեսզի միգրանտները չմեկնեն ՌԴ: Մյուս կողմից, պետք է իրավական օգնություն ցուցաբերել Ռուսաստանում ադրբեջանցի ներգաղթյալներին: Բացի այդ, հարկավոր է բանակցել Ռուսաստանի շրջանների հետ փոխշահավետ հիմքով համատեղ շուկաներ ստեղծելու համար: Ով չի կարողանա օրինականացնել այնտեղ իր մասնակցությունը, հարկավոր է ապահովել նրանց վերադարձը հայրենիք և ապահովել նրանց աշխատատեղերով»,-գտնում է Շահինօղլուն, գրում է «Ենի Մուսավաթ» թերթը: