AM
31 Հոկտեմբեր 2013 - 09:54 AMT

Ռուսաստանը կմասնակցի Ժնևում Անդրկովկասի վերաբերյալ բանավեճին

Ռուսաստանը կմասնակցի Ժնևում Անդրկովկասում անվտանգության ու կայունության վերաբերյալ միջազգային բանավեճին, որը տեղի կունենա նոյեմբերի 5-6-ը Ժնևում: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտը, բանավեճին կմասնակցեն նաև Աբխազիան, Վրաստանը, ԱՄՆ-ն, Հարավային Օսեթիան, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն ու Եվրամիությունը: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

ՌԴ ԱԳՆ-ում նշում են, որ հաշվի առնելով հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, առաջիկա խորհրդակցությունները հատուկ նշանակություն կունենան Ժնևի գործընթացի հետագա հեռանկարների որոշման համար: «Սեպտեմբեր-հոկտեմբերին Վրաստանի և Հարավային Օսեթիայի պետական սահմանին ձեռնարկված աղմկալի քարոզարշավը ստիպեց մտորել ժնևյան հանդիպումներում Թբիլիսիի իրական մտադրությունների մասին»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մոսկվայում վստահ են, որ նախկինի պես օրակարգում առաջնային են համապատասխան երկկողմ համաձայնությունների կնքումը Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին: «Ռուսական պատվիրակությունն այս առնչությամբ մտադիր է կրկին մասնակիցների ուշադրությունը հրավիրել 2012 թ. ներկայացված ուժի չկիրառման մասին համատեղ հայտարարության իր նախագծի վրա, որի ընդունումը կնպաստեր Սուխումի, Թբիլիսիի ու Ցխինվալի մոտեցումների մերձեցմանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Վրաստանի հետ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի սահմաններում լարվածությունը մեղմացնելու համար հարկավոր կլինի պայմանավորվել սահմանի հատման կարգի մասին բնակչության իրազեկման ու սահմանային աշխատանքների պարամետրերի մասին: «Այստեղ կարևորվում են սահմանամերձ շրջաններում միջադեպերի կանխարգելման ու արձագանքման համատեղ մեխանիզմները: Հարկավոր է բարձրացնել դաշտային գործունեության արդյունավետությունը»,-նշում է ՌԴ ԱԳՆ-ն: