AM
1 Նոյեմբեր 2013 - 08:48 AMT

Ռուսաստանը 2 մլն դոլար կհատկացնի Սիրիայի քիմզենքի ոչնչացմանը

Ռուսաստանը 2 մլն դոլար կհատկացնի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը, ևս երկու տասնյակ երկրներ պատրաստ են գումարներ հատկացնել այդ նպատակին, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Ռուսաստանը հրաժարվել է սիրիական քիմզենքն իր տարածք ներմուծել, սակայն մտադիր է Սիրիա գործուղել ԶՈւ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զինծառայողներին: Արտերկրի գործընկերների հետ նրանք կապահովեն քիմզենքի ոչնչացման անվտանգությունը: Բացի այդ, Ռուսաստանը կարող է տրանսպորտ տրամադրել սիրիական արսենալների զենքն արտերկիր տեղափոխելու համար:

Հավանաբար, ոչնչացումը կկայանա Ալբանիայում: Global Security Newswire-ի վարկածը «Կորմերսանտին» հաստատել է ռուս դիվանագիտական աղբյուրը, որը չի ցանկացել նշել անունը: Մինչ այդ արսենալներն իրենց տարածքում ոչնչացնելուց հրաժարվեցին Թուրքիան, Հորդանանն ու Նորվեգիան:

Առաջին փուլն ավարտվեց նոյեմբերի 1-ին: Մինչև նոյեմբերի 15-ը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պետք է հաստատի երկրորդ փուլի համար գործողությունների պլանը, որի արդյունքում նախատեսվում է ոչնչացնել Սիրիայում կուտակված 1,3 տոննա թունավոր նյութերը:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները Սիրիայում են 2013 թ. հոկտեմբերի 1-ից: Նրանք արդեն սկսել են ոչնչացնել քիմիական զենքը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: