AM
6 April 2006 - 11:38 AMT

«ԱրմՌոսգազպրոմը» կդառնա Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի եւ Իրան-Հայաստան գազամուղի սեփականատերը

Հայաստանի կառավարությունը «ԱրմՌոսգազպրոմին» է փոխանցում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղի առաջին հատվածը: 25 տարի ժամկետով համաձայնագիրը սահմանում է համագործակցության ռազմավարական սկզբունքները ՀՀ տարածքի գազաէներգետիկ նախագծերում: Ըստ պայմանավորվածության, ռուսական գազի գինը կկազմի 110 դոլար 1000 խորանարդ մետրի համար մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը: Ըստ համաձայնագրի, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ-ին տրամադրել Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ 197 կմ-անոց հատվածի շինարարության պատվիրատուի գործառույթները: Ինչպես նշում է «Գազպրոմի» մամլո ծառայությունը, առքի-վաճառքի նախնական պայմանագիրը պետք է կնքվի մինչեւ 2006 թվականի ապրիլի 14-ը: Փոխանցված օբյեկտների սեփականության իրավունքի վերջնական անցումը պետք է իրականացվի մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը: Գործարքի ավարտին «Գազպրոմ» ԲԲԸ-ի բաժինը «ԱրմՌոսգազպրոմ» ՓԲԸ-ի հիմնադիր կապիտալում որակական մեծամասնություն կկազմի: