AM
8 November 2013 - 11:16 AMT

Համաշխարհային բանկը կարող է Հայաստանին 843 մլն դոլար հատկացնել 2014-2017 թթ. համար

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության հետ Բանկի 2014-2017թթ. Երկրի գործընկերության ռազմավարությունը: Քառամյա այս ռազմավարությունը շրջանակային փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում է Համաշխարհային բանկի օժանդակությունը երկրին, հայտնում է ՀԲ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

Ռազմավարությունը հիմնվում է մինչև 2025թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա` Համաշխարհային բանկի արձագանքի առանցքային գործոնը դարձնելով մասնավոր հատվածի կողմից աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև շեշտադրում է ավելի քան մեկ միլիոն կազմող գյուղական բնակչության կենսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և աղքատության ավելի արագ նվազեցման թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում:

Ռազմավարությամբ հաջորդ չորս տարիների համար առաջարկվում է 843 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օժանդակություն՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ:

«Երկրի գործընկերության ռազմավարությունը նպատակ ունի աջակցել մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծմանը միտված Հայաստանի զարգացումը ամրապնդող մոտեցում» ասացՀամաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: «Այն նպատակ ունի հզորացնել Հայաստանի զարգացումը տնտեսության մրցունակության խթանման միջոցով, ինչը հնարավոր է աշխատատեղերի ստեղծմանը աջակցող առանցքային բարեփոխումների իրականացմամբ՝ ապահովելով առավել արդյունավետ ու արդարացի սոցիալական ծառայությունների մատուցում»: