Ռուսաստանն ու Սերբիան պայմանավորվել են ակտիվացնել շփումները ԳՇ մակարդակով: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
«Պայմանավորվել ենք ակտիվացնել շփումները Գլխավոր շտաբերի մակարդակով: Ենթադրում ենք նաև ընդլայնել գործակցությունը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև»,- ասել է նա Սերբիայի ՊՆ ղեկավար Նեբոյշա Ռոդիչի հետ հանդիպման ավարտին:
Շոյգուն հստակեցրել է, որ խոսքը ՌՕՈւ, ՀՕՊ և ցամաքային զորքերի մասին է՝ հավելելով, որ երկրները դեռ շատ անելիքներ ունեն այդ ոլորտում: «Վերջին 15-20 տարում այդ գործակցության մակարդակն աններելի իջել է: Դա այն է, ինչ պետք է անենք ամենասեղմ ժամկետում»,- հայտարարել է Շոյգուն, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի և Սերբիայի միջև վաղեմի պատմություն ունեն: Որոշ ժամանակահատվածում դրանք ԽՍՀՄ-Հարավսլավիա հարաբերությունների մաս էին: Երկու պետությունների միջև մուտքի արտոնագրեր չեն գործում: 2002 թ. մարդահամարի տվյալներով Սերբիայում բնակվում էր 2588 ռուս, իսկ Ռուսաստանում՝ 4156 սերբ:






