Նոյեմբերի 13-ին հարված հասցվեց Վլադիմիր Պուտինին հաղթելու և Ազատ առևտրի մասին պայմանագրի ու ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի շնորհիվ Ուկրաինային Մոսկվայի ուղեծրից դուրս բերելու եվրոպական հույսերին, գրում է The Guardian-ը: Ուկրաինայի Գերագույն ռադան հետաձգեց նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին օրենքի քննարկումը:
Կիևի անգործությունը մեկնաբանվեց որպես նախագահ Վիկտոր Յանուկովիչի ժամանակ ձգելու փորձ, իսկ Կրեմլը նոր միավորներ ստացավ հետխորհրդային տարածքում ԵՄ հետ մրցակցության ասպարեզում:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Պուտինն արդեն նշանակալի հաղթանակ տարավ, երբ Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարեց, խաչ քաշելով Եվրամիության հետ տարիներ տևած բանակցությունների վրա և հայտարարեց, որ անդամակցելու է Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը:
Եվրոպայի գլխավոր պահանջն Ուկրաինայից վերաբերոմ է «ընտրովի արդարադատությունից» հրաժարվելուն, այսինքն դատական համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելուց: Դա վերաբերում է նաև Տիմոշենկոյի գործին, որի ազատ արձակումը պարտադիր պայման է համաձայնագրի ստորագրման համար: Սակայն նոյեմբերի 11-ին ամպերը կրկին կուտակվեցին նախկին վարչապետի շուրջ՝ նրա գլխավոր փաստաբանին ձերբակալեցին ընտանեկան բռնության մեղադրանքով: Բացի այդ, պարզվեց, որ Յանուկովիչն այցելել է Մոսկվա՝ գաղտնի բանակցություններ վարելով Պուտինի հետ, գրում է պարբերականը:
Բրյուսելի դիվանագետները հայտարարում են, որ Վիլնյուսում պայմանագիր ստորագրելու Ուկրաինայի շանսերը նվազում են, սակայն, նրանց կարծիքով, Ուկրաինան կարող է մինչև վերջին պահը տատանվել Եվրոպայի ու Մոսկվայի միջև, հայտնում է Inopressa-ն:
Եվրամիությունը պահանջում էր Ուկրաինայից բարեփոխել ընտրական օրենսդրությունը և ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին: Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ պատրաստ է օրենք ստորագել, որը թույլ կտա Տիմոշենկոյին արտերկիր մեկնել բուժվելու, եթե օրինագիծը ստանա խորհրդարանի հավանությունը: Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները վստահ են, որ նախագահը պետք է ներում շնորհի Տիմոշենկոյին: Նախօրեին Գերագույն դատարանը չկարողացավ քննարկել Տիմոշենկոյին առնչվող օրենքը, քննարկումը հետաձգվեց մինչև նոյեմբերի 19-ը: Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել երկու տարով Կիևի կողմից ԵՄ պահանջները չկատարելու պատճառով:






