AM
18 Նոյեմբեր 2013 - 07:47 AMT

Մարգվելաշվիլին պաշտոնապես ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը

Նոյեմբերի 17-ին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունն էր: «Որպես Վրաստանի նախագահ խոստանում են կատարել Սահմանադրության պահանջներն ու ամեն ինչ անել երկրի միասնությանն ու զարգացմանը հասնելու համար»,- հայտարարել է նա երդմանը: Արարողության ավարտին հնչել է Վրաստանի օրհներգը:

Մարգվելաշվիլին ընդունել է զինծառայողների զորահանդեսը՝ ստանձնելով նաև գլխավոր հրամանատարի պարտականությունները: Երդմնակալության արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Համայն Վրաց պատրիարք կաթողիկոս Իլիա Երկրորդը, պատվիրակություններ աշխարհի 53 երկրներից:

Վրաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցել է նաև հայկական պատվիրակությունն ի դեմս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի: Նախարար Նալբանդյանը Մարգվելաշվիլիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքները: Վրաստանի նոր նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ, վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով կարելի է խորացնել ու ամրապնդել այդ գործակցությունը: Նալբանդյանն ու Մովսիսյանը հանդիպել են նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, քննարկելով պայմանավորվածությունների իրականացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Երդմնակալությանը ներկա չէին Վրաստանի նախկին նախագահներ Էդուարդ Շևարդնաձեն և Միխաիլ Սահակաշվիլին: Արարողությանը չի մասնակցել նաև Ռուսաստանի պատվիրակությունը, քանի որ 2008 թվականին Վրաստանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ վերջինիս կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել էր Գեորգի Մարգվելաշվիլին՝ «Վրացական երազանքի» թեկնածուն, որն, ըստ ԿԸՀ տվյալների, հավաքել էր ձայների 62,11 տոկոսը:

«Վրացական երազանքի» կոալիցիայի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: