Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը շահարկումներ է համարել ԶԼՄ-ներում հրապարակվող այն հաղորդագրությունները, թե Ադրբեջանը հրաժարվում է որևէ փաստաթուղթ ստորագրել Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում՝ հորդորելով ուշադրություն չդարձել դրանց վրա:
«Հաստատ կստորագրենք մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը»,- ասել է Մամեդգուլիևը Trend գործակալությանը: Կողմերը նաև պատրաստավում են ռազմավարական գործակցության մասին համաձայնագիր ստորագրել մի շարք ոլորտներում, mobility partnership, որը վերաբերում է աշխատանքային միգրացիայի քաղաքականությանը, արձանագրություն ԵՄ ծրագրերին Ադրբեջանի մասնակցության ընդլայնման մասին:
Ըստ փոխնախարարի, եթե մինչև գագաթնաժողովի սկիզբը կողմերը հասցնեն համաձայնեցնել փաստաթղթերը, Վիլնյուսում դրանք կստորագրվեն: Իսկ եթե ոչ, ապա ավելի ուշ: Ինչ վերաբերում է գագաթնաժողովի հռչակագրին, ապա Մամեդգուլիևն ասել է, որ այժմ համաձայնեցնում են տեքստը:
Ըստ նրա, գագաթնաժողովը պետք է լուրջ վերաբերվի տարծաշրջանային հակամարտություններին: «Դա պետք է արտացոլվի ամփոփիչ հռչակագրում: Երկրորդը, գագաթնաժողովում պետք է այնպիսի որոշումներ կայացվեն, որոնք Ադրբեջանի համար ԵՄ հետ գործակցությունն ավելի շոշափելի կդարձնեն»,- ասել է փոխնախարարը:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում, սակայն, մինչ օրս պարզ չէ, թե ում հետ է ԵՄ-ն ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու: ԱԳ բոլոր երկրները, բացառությամբ Մոլդովայի, հարցականի տակ են: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, իսկ Ուկրաինայի հարցը մինչ օրս պարզ չէ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկայի պատճառով: Վրաստանի հետ համաձայնագիրը ստորագրվելու է 2014-ին:






