Պրահայում նոյեմբերի 21-ին տեղի կունենա Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը:
«Մեկ տարի է անցել կոնկրետ հարցերի՝ առևտրային հարաբերությունների, տրանսպորտային կապի, հումանիտար և մշակութային հարցերի քննարկումից: Մենք կամփոփենք աշխատանքի մեկ տարվա արդյունքները և կփորձենք ապագային միտված գաղափարներ փոխանակել: Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում թեմաները կապված կլինեն այդ նույն ոլորտների հետ, սակայն գուցե նաև նոր փուլ լինի»,-հայտարարել է Աբաշիձեն լրագրողներին Չեխիա մեկնելուց առաջ:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անցյալ տարի հաստատեց Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, որին նշանակվեց ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն: Աբաշիձեն ու Կարասինը չորս հանդիպում են ունեցել: Այդ ձևաչափը մինչ օրս միակն է, որի շրջանակում շարունակվում են անմիջական բանակցությունները Ռուսաստանի ու Վրաստանի միջև:
Ավելի ուշ, արդեն Պրահայում, Աբաշիձեն նշեց, որ բացի տնտեսական ասպեկտներից ու վիզային ռեժիմի դյուրացումից Վրաստանի քաղաքացիների համար, Կարասինի հետ 5-րդ հանդիպմանը նա մտադիր է քննարկել ՌԴ-ում կալանավորված քաղաքացիների հարցը, որոնք մեղադրվում են Վրաստանի օգտին լրտեսելու մեջ:
Հոկտեմբերի վերջում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեղադրեց նոր իշխանություններին Ռուսաստանում կալանավորված «վրաց հետախույզներին» անտեսելու մեջ: «Նոր կառավարությունն ազատ արձակեց բոլոր ռուս լրտեսներին, որոնց վրացական կողմը մտադիր էր փոխանակել Ռուսաստանում ձերբակալված վրաց հետախույզների հետ»,-ասել էր նա: Նախորդ տարի, երբ Վրաստանում իշխանափոխություն եղավ, երկրի խորհրդարանը որոշում կայացրեց, որի համաձայն 190 կալանավորների թվում, որոնք քաղբանտարկյալ ճանաչվեցին, կային նաև անձինք, որոնք ժամանակին ձերբակալվել էին Ռուսաստանի օգտին լրտեսելու համար:






