«Էմփայր» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Էմփայր միջազգային էքսպո կենտրոնը» դեկտեմբերի 17-18-ը Երևանում նախաձեռնել են իրականացնել «Բանկեր, վարկեր և ներդրումներ» խորագրով էքսպո: Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի բանկային համակարգի լավագույն ձեռքբերումները, բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների դերը գործարարության զարգացման, հատկապես, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսման, աշխատատեղերի ստեղծման գործընթացներում:
«Էմփայր միջազգային էքսպո կենտրոնի» տնօրեն Փույա Հոսսեինիի խնդրանքով, Հայաստանի բանկերի միությունը ևս մասնակցեց այս միջոցառման նախապատրաստման գործին:
Էքսպոյի շրջանակներում բոլոր մասնակից բանկերին կտրամադրվեն սերտիֆիկատներ և մրցանակներ: Իրենց էքսպո տարածքում մասնակիցները գովազդային վահանակներ, պոստերներ և այլ նյութեր տեղադրելու հնարավորություն կունենան:
Էքսպոյին կարող են մասնակցել բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գնահատման և փորձագիտական գործակալություններ, ներդրումային ընկերություններ և ֆոնդեր, աուդիտորական, հաշվապահական ընկերություններ, միջազգային դոնոր կազմակերպություններ, հայտնում է Հայաստանի բանկերի միության մամլո ծառայությունը:
Էքսպոյի համար կտպագրվի մասնակիցների կատալոգ, իրենց լոգոներով և պաշտոնական տվյալներով:
Հայաստանի բանկերի միությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է: Միությունն իրավաբանական անձ է, որը հանդիսանում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացած շահույթը մասնակիցների միջև չբաշխող ոչ առևտրային կազմակերպություն: ՀԲՄ-ն ներկայացնում է Հայաստանի տարածքում գործող բոլոր 21 բանկերի շահերը: Միությունը Բանկերի եվրոպական ֆեդերացիայի անդամ է: