Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը մեկնել է Հարավային Կորեա: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Սեուլում նախարարը մի շարք հանդիպումներ կունենա, ինչպես նաև կքննարկի երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Սակայն «Վիրտուալ Ադրբեջանի» փորձագետները գրում են, որ այդ այցը մեծ ուշադրության է արժանի և կարող է զգալիորեն ազդել աշխարհաքաղաքական իրավիճակի վրա տարածաշրջանում:
Փորձագետները Հասանովի այցը Հարավային Կորեա համարում են պատասխան քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Հայաստան:
Դեռ օգոստոսին հարավկորեական «Հանգուկ Իլբո» թերթը գրել էր, որ Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից գնել զենքի մեծ խմբաքանակ: Սակայն պաշտոնական Սեուլը կասկածում էր, մտավախություն ունենալով, որ Ռուսաստանի արձագանքը բացասական կլինի, քանի որ հնարավոր ուժերի բալանսի խախտում ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում:
Ըստ պարբերականի, Բաքվի շահագրգռվածությունը հարավկորեական սպառաինզություն և տեխնիկա գնելու հարցում բարձրաձայնվեց Հարավային Կորեա այդ երկրի խորհրդարանականների այցի ժամանակ: Սպառազինության ցուցակը, որը մտադիր է ձեռք բերել Ադրբեջանը, բավականին մեծ է: Մասնավորապես, Ադրբեջանը կցանկանար Կորեայից երկու սուզանավ գնել, ռազմական և առևտրային նավեր, գերձայնային Տ-50 ինքնաթիռներ մարզումների համար, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կրակի կառավարման համակարգեր և այլն: Գործարքի հանրագումարը, իրագործվելու դեպքում, կկազմի առնվազն 3 մլրդ դոլար:
Ըստ թերթի, հարավկորեական ԱԳՆ-ն ընդհանրապես բացասաբար է վերաբերվում Ադրբեջանին զենք վաճառելու հեռանկարին, հանձնարարելով ՊՆ ղեկավարին «խիստ զգուշավոր լինել ու զուսպ», գրում է haqqin.az-ը:
Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտենում է 4 մլրդ դոլարի: Վերջին խոշոր գնումը Ռուսաստանից էր՝ մոտ 1 մլրդ դոլարի: Մինչ այդ հաղորդվել էր, որ Բաքուն պայմանագիր է կնքել Իսրայելի հետ 1,6 մլրդ դոլարի:






