Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հրապարակել է այն պայմանները, որոնք կատարելու դեպքում կվերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա տեղի կունենա, եթե Վրաստանի տարածքը «դեօկուպացիայի ենթարկվի», այսինքն դուրս բերվեն ռուսական զորքերը Աբխազիայից և Հարավային Օսեթիայից: ՌԴ-ն նաև պետք է հրաժարվի այդ հանրապետությունների անկախության ճանաչումից, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Հայտարարությունը պատասխան է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, որը Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունն անվանել է «Անդրկովկասի նոր իրողություն», որը «ՆԱՏՕ-ն պետք է ընդունի»: «Ռուսաստանի համար դրանք նոր պետություններ են: Դա նոր իրողություն է Անդրկովկասում, որը պետք է ընդունել»,-ասել է նա: Ըստ նրա, Արևմուտքն արդեն սկսել է գիտակցել դա, քանի որ «Ժնևի խորհրդակցություններում Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ներկայացուցիչները նստում են Վրաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ ներկայացուցիչների կողքին»: «Ինչ վերաբերում է սահմանի փշալարերին, ապա սահմանները պետք է պահպանվեն, իսկ ապագայում, երբ որոշ տաք գլուխներ կհանդարտվեն, գուցե փշալարի կարիք չլինի»,-գտնում է ՌԴ ԱԳ նախարարը:
Խոսելով Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ Մոսկվան միտված է բարելավման, նշելով պատմական շփումներն երկու երկրների միջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև:
Իրավիճակը վրաց-օսական հակամարտ գոտում կտրուկ սրվեց հուլիսին-օգոստոսի սկզբին: Ակտիվ մարտական գործողությունները սկսվեցին օգոստոսի լույս 8-ի գիշերը, երբ Վրաստանը զանգվածային գնդակոծության ենթարկեց Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը, որից հետո փորձեց զավթել Հարավային Օսեթիան: Օգոստոսի 8-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց հակամարտության գոտում խաղաղության պարտադրման գործողություն սկսելու մասին: Տարածաշրջան ռուսական զորքեր մտան: Մի քանի օրում ռուսական զորքերը հարավօսական զինյալների հետ միասին դուրս մղեցին վրացական զորքերը Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Աբխազիայի Քոդորի կիրճից:
Մարտական գործողությունները շարունակվեցին մինչև օգոստոսի 12-ը: Օգոստոսի 14-16-ը Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Վրաստանի ու Ռուսաստանի նախագահները ստորագրեցին հակամարտության խաղաղ կարգավորման պլանը: 5-օրյա պատերազմը զգալի աշխարհաքաղաքական, տնտեսական ու այլ հետևանքներ ունեցավ: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը:






