AM
13 Դեկտեմբեր 2013 - 12:58 AMT

Իսրայելն առևտրի ազատ գոտում կգործակցի ՄՄ երկրների հետ

Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հուսով է, որ արդեն 2014 թվականին կմշակվի և կստորագրվի Իսրայելի և ՄՄ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս շաբաթ նախարարն այցելել է Մոսկվա, որտեղ մասնակցել է ռուս-իսրայելյան միջկառավարական հանձնաժողովի նիստին որպես համանախագահ: «2014 թվականին համաձայնագիր կմշակվի ու կստորագրվի Իսրայելի, Ռուսաստանի և Մաքսային միության մյուս երկու երկրների՝ Ղազախստանի ու Բելառուսի միջև»,-ասվում է Facebook-ում Լիբերմանի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ:

«Միասնական առևտրային տարածքի, առևտրի ազատ գոտու մասին պայմանագրի ստորագրումը պետք է ազդանշան լինի գործարարների համար, որ վերևներում ՌԴ և Իսրայելի միջև գործընկերային հարաբերությունները շատ դրական են ընկալվում, քանի որ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ստորագրումը ենթադրում է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ»,-հավելել է նախարարը:

Գալիք տարվա սկզբին Լիբերմանը ակնկալում է նաև, որ կավարտվի աշխատանքը Իսրայելի համար սկզբունքային նշանակություն ունեցող համաձայնության վրա ՌԴ տարածքում ԽՍՀՄ նախկին քաղաքացիների վաստակած կենսաթոշակների մասին: «Աշխատանքի գործնական մասն ավարտված է, մնացել են վերջին շտրիխները: Հուսով եմ, որ 2-3 ամսից մենք այն կլրամշակենք և այն կվավերացվի երկու երկրների խորհրդարաններում»,-ասել է Լիբերմանը: Այժմ ՌԴ կենսաթոշակ ստանում են միայն այն իսրայելցիները, որոնք պահպանել են ՌԴ քաղաքացիությունը: