AM
17 December 2013 - 09:27 AMT

Etihad Airways ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիաշուկա

2014-ին ևս մեկ հայտնի ավիաընկերություն՝ Etihad Airways-ը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը, հայկական «Վիզա Կոնկորդ» տուրիստական գործակալության հետ համատեղ, ակտիվ բանակցություններից հետո, պայմանավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ևս մի հսկա ավիաընկերության` «Իթիհադ Ավիաուղիների» հետ, որպեսզի վերջինս չվերթներ իրականացնի դեպի Հայաստան, հայտնում է օդանավակայանի մամլո ծառայությունը:

2014-ի հուլիսից «Իթիհադ Ավիաուղիները» չվերթներ կիրականացնի Աբու Դաբի – Երևան ուղղությամբ շաբաթական չորս անգամ: ԱՄԷ-ի գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում: «Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է ու աշխարհի ամենահին՝ մշտապես բնակեցված քաղաքներից մեկը: Նոր թռիչքները հոգ կբավարարեն ԱՄԷ և Երևանի միջև օրեցօր աճող՝ օդային ճանապարհորդության պահանջարկը: Դրանք նաև կօգնեն աշխարհով մեկ սփռված հայերին, ու հատկապես՝ Միացյալ Նահանգների հայկական Սփյուռքին՝ բացելով դեպի Երևան նոր ավիաուղի», ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Etihad ավիաընկերության՝ դեպի Երևան չվերթերի իրականացումը համահունչ է մեր՝ զարգացող և արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ: Etihad ավիաուղիները կլինի միակ առևտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որ կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երևան», – ասել է Etihad-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը՝ նշելով, որ նոր ուղղությունը «կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև է՛լ ավելի կուժեղացնի արդեն կայացած՝ առևետրային և զբոսաշրջային կապերը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև»:

«Լինելով Աբու Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրա՝ Հայաստանը իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար, ովքեր հիասքանչ տեսարաններից ու բազում ժամանցի վայրերից բացի փնտրում են հիանալի մշակույթ և բազմամյա պատմություն», ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը նոր գործընկերներ է ներգրավում Հայաստանի ավիացիոն շուկա այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների փուլային ազատականացման ռազմավարությունն ու հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականության մասին:

Հայաստանի միակ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց թռիչքները դադարեցնելու մասին 2013 թ. ապրիլի 1-ին և սկսեց սնանկացման գործընթացը:

Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Բաց երկնքի քաղաքականության ներդրումը զգալի փոփոխություն է Հայաստանի ներկա օդային փոխադրումների քաղաքականությունում:

Հիմնադրվելով 2003թ. հուլիսին, «Իթիհադը» առևտրային գործունեություն է սկսել նույն տարվա նոյեմբերից և կարճ ժամանակում դարձել կոմերցիոն ավիացիայի ամենաարագ զարգացող ավիաընկերությունն աշխարհում:

Շարժակազմը բաղկացած է 66 օդանավերից, որոնք շաբաթական 1000-ից ավել թռիչք են իրականացնում` սպասարկելով ուղևորային և բեռնային 84 ուղղություններ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Հյուսիսային Ամերիկա: