Կոռուպցիոն սկանդալի մասնակից թուրք նախարարները հրաժարական չեն տվել, գրում է Sabah-ը: ԶԼՄ-ներում տարածված նորությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) փոխղեկավար Հուսեյն Չելիկը: Ըստ նրա, սա առաջին դեպքն է Թուրքիայում, երբ հատուկ գործողությունն անց է կացվում առանց ոստիկանապետի ու գավառի ղեկավարի իրազեկման:
«Հետաքննությունը սկսվել է 14 ամիս առաջ: Հետևում եք մարդուն 14 ամիս շարունակ: Նման գործողություն ՆԳ նախարարն ու վարչապետը տեսնում են միայն հեռուստատեսությամբ: Մինչ գործողության մեկնարկը վարչապետն ու մյուս պատասխանատու անձինք պետք է իրազեկվեին»,-ասել է նա:
Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 65 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով:
Ձերբակալվածների թվում են էկոնոմիկայի նախարար Զաֆար Չաղլայանի, ՆԳ նախարար Մուամմար Գյուլերի, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրակտարի որդիները: Բոլորը ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով:
Նույն գործողության շրջանակում ձերբակալվել են հայտնի գործարար, Ֆաթիհ Մուստաֆա Դամիրը, թուրքական Halq բանկի գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանը և հայտնի ձեռնարկատեր Ալի Աղաօղլուն: Բանկում խուզարկություն է կատարվել: Թուրք մեկնաբանները գրում են, որ այս իրադարձությունների հիմքում Էրդողանի հակասություններն են հայտնի իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:






