Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովին հրավիրվել է 26 պետություն, սակայն ԱՄՆ-ն արգելափակել է Իրանի մասնակցությունը: Ըստ Բրահիմիի, ԱՄՆ-ն նախկինի պես վստահ չէ, որ Իրանին հրավիրելը «ճիշտ քայլ կլինի»:
Իրանը սատարում է Բաշար Ասադի ռեժիմին հակամարտության ողջ ընթացքում, որը շարունակվում է արդեն գրեթե երեք տարի: Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:






