Թուրքական Շանլիուրֆա քաղաքում անցնում է Սիրիայի հարևան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, հայտնում է TRT Haber-ը:
Ըստ հեռուստաալիքի, հանդիպմանը քննարկվում են սիրիական կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ռազմական գործողությունների ժամանակ տուժած սիրիացիներին հումանիտար օգնության հարցեր:
Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Իրաքի ԱԳ նախարար՝ Խոշիյար Զիբարին, Իրանի ԱԳ փոխնախարար Հուսեյն Աիր Աբդուլլահին: Սիրիացի փախստականների մեծ մասն ապաստան է գտել Իրաքում, Թուրքիայում, Լիբանանում ու Հորդանանում:
Ըստ ՄԱԿ տվյալների, շուրջ 9 մլն սիրիացիներ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեն: Շուրջ 2,2 մլն փախել է երկրից հարևան երկրներ՝ Լիբանան, Հորդանան, Իրաք,. Թուրքիա, ինչպես նաև Եգիպտոս: Ըստ կանխատեսումների, մինչև տարեվերջ նրանց թիվը կհատի 4 միլիոնի սահմանը: Ըստ ՄԱԿ-ի, ընդհանուր առմամբ հարկավոր է հավաքել 6,5 մլրդ դոլար, ինչն ամենախոշոր գումարն է, նախատեսված հումանիտար ծրագրերի համար ՄԱԿ պատմության ընթացքում:






