Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) կվերսկսի Իրանի տնտեսության ամենամյա գնահատումը, որը դադարեցվել էր երեք տարի առաջ, հայտնում է AFP-ն: Առաքելությունը կայցելի Թեհրան հունվարի 25-ին Իրանի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների համար: Նախատեսվում են նաև հանդիպումներ գործարարների, քաղաքական գործիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այնուհետև ԱՄՀ թիմը կհրապարակի ընդհանուր զեկույց, որտեղ կարտացոլվեն Իրանի առաջընթացը, թերություններն ու նրա առջև ծառացած խնդիրները: Առաջին անգամ ԱՄՀ առաքելությունն այցելեց երկիր նոյեմբերին՝ տեղեկանալու համար նախագահ Հասան Ռոուհանիի տնտեսական ծրագրերին:
Շատերը հուսով են, որ Ռոուհանին կարող է գործարքը միջուկային ծրագրի շուրջ արևմտյան երկրների հետ ավարտին հասցնել, ինչը թույլ կտա չեղյալ հայտարարել տնտեսությանը վնասող պատժամիջոցները:
2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը:
Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Առաջին փոխանցումն Իրանը կարող է ստանալ արդեն փետրվարին: