Կարծես թե Թուրքիայի համար սևեռուն գաղափար է դարձել սիրիական ճգնաժամի կարգավորման գործում գլխավոր դերերից մեկը ստանձնելը: Ելույթ ունենալով Դավոսում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն համեմատեց սիրիական ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ և հորդորեց ՄԱԿ-ին անհապաղ որոշում կայացնել Սիրիայի վերաբերյալ: Հիշեցնելով, որ Թուրքիայում ապաստան գտած շուրջ 700 հազար սիրիացի փախստականների կարիքների համար արդեն 2,5 մլրդ դոլար է ծախսվել, Դավութօղլուն հայտարարեց. «Ես միայն մի որոշում եմ ակնկալում ՄԱԿ Անվտանգության խորհրդից: Մինչ օրս նման որոշում չի կայացվել: Կա միայն մեկ հայտարարություն: Խորհուրդը հրատապ կարգով պետք է որոշում կայացնի հումանիտար օգնության հատկացման ու տեղափոխման և դրան առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Սիրիայում հումանիտար օգնության առաքմանը խանգարում է ոչ թե ընդդիմությունն, այլ Բաշար Ասադի ռեժիմը: «Այդ ռեժիմը կսպանի բոլոր սիրիացիներին»,-ասել է թուրք նախարարը:
Հավանաբար, Թուրքիան, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Ֆրանսիան ցանկանում են ամեն գնով հասնել Ասադի պաշտոնանկությանը, այս մասին բազմիցս է նշվել: Ըստ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ալ Ջաֆարիի, կան երկրներ, որոնք բացահայտ և կոպտորեն միջամտում են Սիրիայի ներքին գործերին: «Պատճառն այն է, որ նրանց ձեռք չի տալիս սիրիացիների քաղաքական ընտրությունը: Մի՞թե թույլատրելի է, որ Արևմուտքը քանդի այն պետությունները, որոնց քաղաքականությունը հակասում է նրա աշխարհաքաղաքականությանը»,-հարց է տալիս նա: Ըստ նրա, գլխավոր պայմանավորվածությունները Ժնևի կոմյունիկեում են, դրանց իրագործումը երկխոսության միջոցով է կատարվում, բայց դա կախված չէ միայն սիրիացիների որոշումից: Պարսից ծոցի պետությունները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն պետք է դադարեցնեն ահաբեկիչների ֆինանսավորումն ու հակասիրիական քարոզարշավը:
Սակայն Իրանի շիաների դեմ պայքարում Ալ Սաուդների տոհմի համար բոլոր միջոցներն են լավ և նրանք կարող են ուղղակի ոչնչացնել Սիրիան նպատակին հասնելու համար: Արդեն ձայներ են հնչում խաղաղապահներին Սիրիա գործուղելու մասին: Ինչով է դա ավարտվում բոլորին է հայտնի մի շարք երկրների օրինակով՝ Կոսովոյից սկսած ու Աֆղանստանով վերջացրած: Եվ եթե Թուրքիան կարծում է, որ խաղաղապահների կազմում կլինեն թուրքական ստորաբաժանումներ, ապա սխալվում է՝ խաղաղապահներին հավաքագրում են չեզոք երկրներից, առնվազն այդպես է եղել: Իսկ Անկարայի շահերը Սիրիայում չափից շատ են, հենց այնպես ընդդիմության ու կառավարության զորքերի միջև կանգնելու համար: Նշենք, որ Սիրիա խաղաղապահներ գործուղելու գաղափարը Դավոսում հնչեցրեց նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:
«Ժնև-2»-ում ունեցած ելույթում Ալ Ջաֆարին նշեց, որ 2012 թվականի նոյեմբերին «Ալ Քայիդայի» պարագլուխ Այման Ազ Զավահիրին հրամայեց իր գրոհայիններին ակտիվացնել այսպես կոչված «ջիհադը» Սիրիայում: Դիվանագետը հիշեցրեց նաև լիբիական «Լութֆալլա-2» նավի մասին, որը զենք էր տեղափոխում Սիրիա, այդ թվում, այն մասին, որ երեք սաուդյան ինքնաթիռ «Ալ Քայիդայի» գրոհայինների է տեղափոխել Սիրիա Հորդանանի տարածքով: Նա հիշեցրել է նաև, որ հորդանանցի սալաֆիտ ջիհադիստները խոստովանել են շուրջ 9 հազար վարձկանների մահվան փաստը Սիրիայում: «Մենք փաստաթղթեր ենք հանձնել ՄԱԿ-ին, որոնք վկայում են, որ Հալեպում գրոհայինները ապամոնտաժել են արդյունաբերական օբյեկտները, իսկ հետո դուրս են բերել սարքավորումները Թուրքիա: Բացի այդ, ահաբեկիչները քիմիական զենք են փորձարկել Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում և կիրառել են այն Հան Ալ Ասալ ավանի խաղաղ բնակիչների դեմ»,-ասել է սիրիացի դիվանագետը:






