Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը արտահերթ նիստում, որն աշխատանքը սկսել էր հունվարի 28-ին, նշեց, որ իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցությունները շարունակվում են: «Դրանք բարդ են, քանի որ դժվարին հարցեր են քննարկվում, համաներման հարցը»,-ասել է նա: Ավելի վաղ ՈւՆԻԱՆ-ը հայտնել է, որ նստաշրջանի աշխատանքը շարունակելու օգտին քվեարկել է 401 պատգամավորներից 368-ը:
Հունվարի 28-ին ժողովրդական պատգամավորները չեղյալ համարեցին 9 օրենք, մասնավորապես, այն օրենքները, որ ընդունվել են հունվարի 16-ին ձեռքի բարձրացումով և վրդովմունք են առաջացրել հանրության շրջանում: Դրանց փոխարեն ընդունվել են չորս այլ օրենքներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին գազի ներկրման հարկադրմանը, ֆաշիզմի հանցագործությունների ժխտմանը ու հուշարձանները քանդելուն: Բացի այդ, պատգամավորները կքննարկեն համաներման մասին օրինագիծը, որն առաջարկում է ազատել պատասխանատվությունից բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներին քաղաքական ճգնաժամի ամբողջ ընթացքում:
«Հրեշավոր օրենքները» ենթադրում էին պատիժների խստացում շենքերի գրավման ու շրջափակման հրապարակային կոչերի համար մինչև 6 տարվա ազատազրկում, ինչպես նաև նախատեսում էին քրեական պատասխանատվություն զրպարտություն տարածելու համար, առաջին հերթին ԶԼՄ-ներում:
Օրենքներով նախատեսվում էր նաև խստացնել քաղաքացիների վերահսկողությունը սիմ քարտերի գնման ժամանակ և պարտավորեցնում էին ինտերնետ պրովայդերներին նպաստել օպերատիվ որոնողական միջոցառումներին: Ընդդիմությունը դա գնահատեց որպես գրաքննության վերադարձ և հանրահավաքների մասնակիցների հետապնդման օրինական հիմնավորում: Առաջիկա ժամերին Ռադան մտադիր է նաև քննարկել Ուկրաինայի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծման մասին հարցը, որի համաձայն այժմ երկիրը համարվում է նախագահական-խորհրդարանական հանրապետություն: Նպատակն է վերանայել սահմանադրությունը, վերադարձնելով 2004 թվականի սահմանադրությունը:
Իր հերթին Դաշնությունների խորհուրդը հայտարարություն է ընդունել Ուկրաինաոյւմ իրավիճակի վերաբերյալ՝ «տարակուսանք ու վրդովմունք հայտնելով մի շարք արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների վերաբերյալ, որոնք միջամտում են Ուկրաինայի ներքին գործերին ու միտումնավոր կերպով սրացում են հրահրում երկրում»:
«Դաշնությունների խորհուրդը կոչ է անում դադարեցնել միջամտությունը ինքնիշխան պետության գործերին»,-ասվում է տեքստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հայտարարության մեջ սենատորները մտահոգություն են հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ և նշել են, որ ընդդիմության հրահրած զանգվածային անկարգությունները ոչ մի ընդհանուր բան չունեն բողոքի խաղաղ ակցիաների հետ: «Լավ կազմակերպված արշավն ուղղված էր օրինական իշխանությունների վարկաբեկմանն ու տապալմանը: Ավերածություններն ու հրկիզումները Կիևում ու այլ քաղաքներում, վարչական շենքերի գրոհը, ագրեսիվ գործողություններն իրավապահների դեմ, որոնց հետևանքով կան մարդկային զոհեր ու տուժածներ, անցնում են նրանց հավանությամբ, ով մարդկանց փողոց է դուրս բերել»,-ասվում է Դաշնության խորհրդի հայտարարության մեջ: Սենատորները նշում են, որ Ուկրաինան գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ ուկրաինացի ժողովրդի համար, Ուկրաինայի պետականության ու տարածքային ամբողջականության համար: Դաշնության խորհրդին հատկապես մտահոգում են ուկրաինական շրջանների բնակչությանն իրար հակադրելու ընդդիմության փորձերը:
«Դաշնության խորհուրդը վճռականորեն դատապարտում է բռնության, ազգայնականության, այլատյացության դրսևորումները և կոչ է անում Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերին այս դիմակայությունից դուրս գալու ուղիներ որոնել կառուցողական երկխոսության միջոցով: Դա պետք է տեղի ունենա առանց վերջնագրերի ու ճնշման»,-վստահ են սենատորները:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում, հիշատակելով Ուկրաինան, հայտարարել է, որ ուկրաինացիներն իրավուքն ունեն որոշելու երկրի ապագան: «Մենք պաշտպանում ենք այն սկզբունքը, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի արտահայտվել ազատ ու խաղաղ ճանապարհով»,-ասել է ԱՄՆ նախագահը: Վաշինգտոնը բազմիցս է հորդորել ուկրաինական իշխանություններին ու ցուցարարներին հանգուցալուծել ճգնաժամը բանակցությունների միջոցով, գրում է ВВС-ին:
Մինչդեռ Կիևում մարդիկ շարունակում են ձյուն մաքրել, ծառեր հատել ու տաքանալ հրկիզված տակառների շուրջ: Մայդանի բեմի հարևանությամբ մոտ 300 մարդ կա, նրանք փաստագրական ֆիլմ են նայում: Ընդհանուր առմամբ իրավիճակը Մայդանում հանգիստ է:
Միաժամանակ Գերագույն ռադայի հարևանությամբ գտնվող Մարիինյան զբոսայգում իշխանության կողմնակիցների քանակը նվազել է:
Ինչպես հայտնում է ՈւՆԻԱՆ-ը, Հակամայդանի մասնակիցների առջևի բեմը դեռ դատարակ է: Մարդիկ տաքանում են խարույկների ու տաքացվող վրանների մոտ: Ընդհանուր առմամբ Սահմանադրության հրապարակում և Մարիինյան զբոսայգում հիմա հազար մարդուց ոչ ավելի է:
Հունվարի 28-ին իշխանության կողմնակիցները վերադարձան Կիևի Մարիինյան զբոսայգի: Երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի օգտին կազմակերպված ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ, որոնք հիմնականում ժամանել են Խերսոնի, Լուգանսկի, Խարկովի շրջաններից:
Դիմակայությունը Կիևում սկսվեց 2013 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին խաղաղ բողոքներից ընդդեմ Ուկրաինայի կառավարության որոշման ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը մերժելուն: Սակայն դրանք բռնի գործողությունների վերածվեցին, երբ հունվարի կեսին Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը, որից ընդդիմությունն այս շաբաթ հրաժարական պահանջեց, հայտարարեց, որ հրաժարվում է խոսել վերջնագրերի լեզվով: Կիևում տեղի ունեցած բախումներում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու տասնյակ միլիցիոներներ: Ասվում է նաև, որ զոհվել է 5մարդ:






