Ղարաբաղյան բանակն այսօր պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին եւ հաջողությամբ վարել հակագրոհային գործողություններ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների ռազմատենչ հայտարարությունները: Միեւնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ բանակի ղեկավարությունը հակված չէ թերագնահատել թշնամուն: Նրա խոսքերով, 2002թ. հատուկ նշանակություն է հատկացվել Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, ինժեներային ծառայության կատարելագործմանը: Սեյրան Օհանյանը նշել է, որ 2002թ. շփման գծում լուրջ միջադեպեր չեն գրանցվել, տեղ են գտել միայն ղարաբաղյան ուժերի դիրքերի գնդակոծումներ թեթեւ զրահատեսակներից: