AM
26 December 2002 - 15:36 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը կից գործում ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) ռեզիդենտուրա, որի կազմում, փորձագետների կարծիքով, ընդգրկված են դիվանագիտական անձնագրեր ունեցող 5-7 մարդ: Այդ մասին տեղեկացնում է դեկտեմբերի 24-ին լույս տեսած Մոսկվայի «Նեզավիսիմայա գազետա» թերթը: ՌԴ-ում Ադրբեջանի ԱԱՆ աշխատակիցների կողմից օպերատիվ աշխատանքն իրագործվում է մի քանի ուղղություններով: Թերթի իրավասու աղբյուրների տվյալներով, դա Մոսկվայի հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ աշխատանքն է: Վերջին մի քանի տարիներին, ասվում է հոդվածում, ադրբեջանական գործակալներն իրականացրել են տասնայակ հավաքագրման փորձեր հայ դիվանագետների նկատմամբ` առաջարկելով զգալի ֆինանսական միջոցներ` գաղտնի տեղեկատվության փոխանցման եւ գաղտնի գործակալական համագործակցության համար: Ինչ վերաբերում է ռուսական գաղտնի տեղեկատվություն կրողներին, գրում է թերթը, ապա այստեղ գործում են որոշակի սահմանափակումներ` կապված խափանման դեպքում քաղաքական հետեւանքների հետ: Հիմնականում աշխատանք է տարվում Ռուսաստանի քաղաքացիների հետ, որոնք պատրաստ են կամավոր օգնել: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, ադրբեջանական հատուկ ծառայություններին հետաքրքրում են տեղեկություններ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ռազմական համագործակցության, Վրաստանում եւ Հայաստանում ռուսական զինվորական քանակակազմի, տարածաշրջանում ՌԴ զինված ուժերի խմբավորումների օպերատիվ գործունեության պլանների, Հյուսիս-Կովկասյան զինվորական օկրուգի գործունեության, Հայաստանի պաշտպանա-արդյունաբերական համալիրի օբյեկտների սեփականաշնորհման վերաբերյալ ռուսաստանյան կողմի հետաքրքրությունների մասին: