«Անցած գիշերվա իրադարձությունները Կիևում դա դիմակայության նոր փուլ է: Ըստ իս, կոշտ որոշումները ժամանակավրեպ են և մենք ստիպված ենք լինելու մարտական գործողությունների ականտեսը դառնալ: Վախենամ, ոչ միայն Կիևում: Ռուսաստանն այս գործընթացում այսօր ոչ մի դերակատարություն չունի: Իր դերը Ռուսաստանը կատարեց արդեն 10 տարի առաջ: Հենց այն ժամանակ ուկրաինական հասարակության մեջ ստեղծվեց ռուս հարևանի ոչ այնքան հաճելի կերպարը: Ստեղծում էին այն Մարատ Գելմանի, Գլեբ Պավլովսկու նմանները, որոնք անսահմանափակ բյուջեներ ունեին պարոն Յանուկովիչին սատարելու համար: Իր դերը ռուսաստանցի տեխնոլոգներն անտաղանդ կատարեցին: Տհաճ տպավորություն թողեցին նաև լքված շտաբները: Այնպես որ այսօրվա իրադարձությունների մի փոքր մասի պատասխանատվությունը կրում են նաև վայ քաղաքական գործիչները ՌԴ-ից»,-հայտարարել է PanARMENIAN.Net-ին ռուսաստանցի փորձագետ Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա, այժմ հարկավոր է անել ամեն հնարավորը, որպեսզի հակամարտությանը զոհ չգնան խաղաղ բնակիչները, կանայք ու երեխաները: Դիմակայողների բախումներից արդեն հնարավոր չի լինի խուսափել: «Բայց չի կարելի է թույլ տալ կատաղի բռնությամբ ղարաբաղյան սցենարի կրկնությունը: Ուկրաինան հետխորհրդային սահմաններում գնալով նվազ կենսունակ է դառնում: Պետք է ճանաչել ակնհայտը:
Հնարավոր է համադաշնային հարաբերությունների ձևաչափ ստեղծել արևմուտքի ու արևելքի միջև: Սակայն այդ գործողությունը պետք է «սառը» փուլում արվի, երբ բանակցություններն ու համապատասխան փաստաթղթերի ստորագրումը խաղաղապահների ջանքեր չի պահանջի: Սակայն ժամանակը սուղ է»,-ասել է Դվորնիկովը:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնում է. զոհվել է 25 մարդ, բժշկական օգնության համար դիմել է 351 մարդ, որից 241-ը՝ հոսպիտալացվել է:
Ուկրաինայի հատուկջոկատայինները երեքշաբթի երեկոյան սկսել են Մայդանի վրանային ճամբարի գրոհը: Կիևում փողոցային դիմակայության երկուս ու կես ամսվա ընթացքում սա ուժայինների ամենախոշոր գործողությունն է: Հաղորդագրություններ են ստացվում, որ միլիցիային հաջողվել է մասնակիորեն հետ մղել ցուցարարներին և վերցնել բարիկադներից մեկը: Սակայն, դատելով կադրերից ու տեղեկություններից, ուժայինները չեն սկսում Մայդանի ակտիվ գրոհը, դեռևս սահմանափակվելով պարագծով մեկ անցկացվող գործողություններով, հայտնում է euronews-ը:
Զոհվածների թվում վեցը միլիցիոներներ են: Տուժածների թիվը հասնում է հարյուրավորների: Հերթական անգամ իրավիճակը սրվեց «սև երեքշաբթի» օրը՝ փետրվարի 18-ին, ժամը 08:30-ին: Մի խումբ մարդիկ Մայդանից շարժվեցին դեպի Գերագույն ռադա: Բողոքի ցույցի մասնակիցներն առաջին անգամ որոշել էին փորձել կետային գրոհների նոր մարտավարությունը: Նրանք բաժանվել էին հարյուրակների ու գրոհել Ռադան տարբեր կողմերից: Իրավապահների ուղղությամբ քարեր էին նետվում, ի պատասխան կիրառվել էին արցունքաբեր գազ ու մահակներ:






