Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը տեղեկացրել է ֆուտբոլի միջազգային կազմակերպություններին եւ այլ երկրների ֆեդերացիաներին, թե որքան է կարեւորում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ հանդիպումը չեզոք դաշտում անցկացնելը: Այդ մասին ԱՖՖԱ տասներորդ խորհրդաժողովում ասել է նրա նախագահ Ռամիզ Միրզոեւը: Նրա խոսքերով, թեեւ ԱՖՖ-ին հասցեագրված ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Լարս-Քրիստեր Օլսենի պատասխան նամակում ասվում է, որ առաջնության մասին դրույթի 1.03 եւ 3.09 հոդվածների հիման վրա դաշտի տերերը պետք է ապահովեն խաղի անցկացումը, պահպանելով գործող կանոնները, «Fair play» սկզբունքները եւ անվտանգությունը խաղի ժամանակ, առաջ եւ հետո, «այնուամենայնիվ ոչ մի կոնկրետ բան հայերի հետ հանդիպման վայրի մասին չի ասվում»: «Դրույթի 34-րդ հոդվածով, ֆորս-մաժորային հանգամանքների առաջացման դեպքում վճռորոշ է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի խոսքը: Մյուս կողմից, գործող կանոնների հիման վրա, խաղից 60 օր առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի ֆուտբոլային կազմակերպությունները պետք է ՈՒԵՖԱ-ին տեղեկացնեն խաղի անցկացման վայրի մասին»:
Ըստ Ռ.Միրզոեւի, այլ երկրների ֆուտբոլային կազմակերպությունները հավանություն են տալիս ԱՖՖ դիրքորոշմանը: Ինչպես ասել է ադրբեջանական ֆեդերացիայի նախագահը, Իսրայելի Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նաիմ Զիմմերն իր նամակում առաջարկել է հայերի հետ խաղն անցկացնել Իսրայելում: «Լյուքսեմբուրգի, Բելառուսի, Բուլղարիայի, Լատվիայի, Մոլդովայի, Նիդերլանդների եւ այլ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները պատրաստակամություն են հայտնել իրենց մոտ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը»: