AM
24 Փետրվար 2014 - 14:40 AMT

Ուկրաինա. Կորած Յանուկովիչը, նախագահի նոր պաշտոնակատարը, 20 մլրդ եվրոն, տնտեսական ճգնաժամն ու Շվարցենեգերը

Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի նախագահի պաշտոնակատար են նշանակել Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին: Նա ազատ արձակված Յուլիա Տիմոշենկոյի համախոհներից է: Այս պաշտոնում Տուրչինովը կլինի մինչև 2014-ի մայիսի 25-ը, երբ Ուկրաինայում կանցնեն նախագահական ընտրությունները, հայտնում է mca.su-ն:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի փաստացի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ապա, ինչպես գրել է «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը Facebook-ի իր էջում, նա ապաստանել է Մոսկովյան պատրիարքության մենաստաններից մեկում: Ինչպես գրում է պատգամավորը, Մոսկվայի պատրիարքարանը շարունակում է բացասական դերակատարություն ունենալ Ուկրաինայի կյանքում և հավելել, որ Յանուկովիչին ու նրա մերձավոր համակիրներին տեսել են մենաստաններից մեկում:

«Մոսկվայի պատրիարքարանը շարունակում է իր խիստ բացասական դերն ունենալ Ուկրաինայում: Հարցը պետք է դրվի միասնական եկեղեցու ստեղծման մասին և արվի դա անհապաղ: Յանուկովիչին հայտնաբերել են Մոսկվայի պատրիարքարանի մենաստաններից մեկում պահակազորի ու մերձավոր շրջապատի հետ: Մարդկանց ընդհանուր քանակը նրա հետ միասին մոտ հազար է»,- գրել է պատգամավորը, հայտնում է tsn.ua-ն:

Ըստ տեղեկատվական աղբյուրների, փետրվարի 22-ի երեկոյան Վիկտոր Յանուկովիչը փորձել էր հեռանալ Ուկրաինայից: Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի օգնական Սերգեյ Աստախովը հայտնել էր, որ սահմանապահները թույլ չեն տվել նախագահին, որի լիազորություններն այսուհետ պարզ չեն, մեկնել Դոնեցկից:

Աստախովը պատճառաբանել էր, թե չվերթը համապատասխան սահմանապահ ձևակերպում չուներ, այդ պատճառով ինքնաթիռին թույլ չտվեցին օդ բարձրանալ: Ըստ նրա, հսկիչներին ինքնաթիռի աստիճանների մոտ դիմավորել էին զինյալներ, որոնք առաջարկում էին գումարի դիմաց թույլատրել չձևակերպված թռիչքը: Երբ սահմանապահները մերժել էին, ինքնաթիռին էր մոտեցել երկու զրահապատ մեքենա, իսկ օդանավից դուրս եկել Յանուկովիչն ու մեկնել անհայտ ուղղությամբ:

Թե ուր էր փորձում փախչել Յանուկովիչը, հայտնի չէ, քանի որ չվերթը ձևակերպված չէր: Ըստ նույն Աստախովի, ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն նույնպես փորձել է շաբաթ օրը մեկնել Դոնեցկից մեկ այլ չվերթով: Նրա ինքնաթիռին նույնպես թույլ չեն տվել թռիչքը, գրում է «Ռուս մոլոդայա» պորտալը:

Ինչպես Facebook-ում գրել է ՆԳՆ հսկողության գծով լիազոր Արսեն Ավակովը, Ուկրաինայում Վիկտոր Յանուկովիչի ու մի շարք այլ պաշտոնյաների հետախուզում է հայտարարվել: «Այս առավոտվա տվյալներով խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Յանուկովիչն ու մի շարք այլ անձինք հետախուզվում են» :

Ավակովը նաև հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե Յանուկովիչին ձերբակալել են: Մինչդեռ, ինչպես հայտնում է Ուրալ Ինֆորմ Բյուրոն, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ փախած նախագահին պետք է բերել Անկախության հրապարակ:

«Պարտավոր ենք Յանուկովիչին ու նրա շուրջ հավաքված այդ խառնամբոխին Մայդան բերել: Եթե ներենք ամեն մեկին, ով մեղսակից է մեր հերոսների սպանությանը, կխայտառակվենք դարեր ի վեր: Վստահ եմ, որ կարող էինք ամեն ինչ անել խաղաղ ճանապարհով ու հասնել նույն արդյունքին: Տղաները զոհվեցին, որպեսզի կարողանանք վերջնականապես վերջ տալ բռնատիրությանը: Դավաճանել դրանից հետո կարող են միայն նրանք, ով մարդ չեն»:

Իր հերթին Ռադիկալ կուսակցության առաջնորդ, ժողովրդական պատգամավոր Օլեգ Լյաշկոն արտահայտվել է Յանուկովիչին մահապատժի ենթարկելու օգտին:

Ըստ Letnews.ru-ի, ինքը Տիմոշենկոն որոշել է մասնակցել նախագահի ընտրություններին. «Կմասնակցեմ նախագահի ընտրություններին»,- հայտարարել է նախկին վարչապետը: Միևնույն ժամանակ, նա կտրականապես հերքել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Տիմոշենկոն սխալ է համարում, որ իրեն առաջարկում են այդ պաշտոնը առանց նախապես նրա հետ խորհրդակցելու: Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ շոյված է առաջարկից, սակայն խնդրել է չդիտարկել այդ պաշտոնում իր թեկնածությունը, հայտնում է «Չաս պիկը»:

Իր հերթին Եվրամիությունը կարող է Ուկրաինայի նոր իշխանություններին բարեփոխումների համար 20 մլրդ եվրո հատկացնել: Այդպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոկը: «Ըստ իս, նոր կառավարության ձևավորումից հետո ԵՄ-ն կկարղանա անհապաղ 20 մլդ եվրո տրամադրել երկիրը դեֆոլտից փրկելու համար»,- հայտարարել է Բրոկը, հայտնում է Բիզնես նորությունների գործակալությունը:

Պատգամավորը գտնում է, որ Ուկրաինայում նոր կառավարություն կձևավորվի, որն էլ պետք է բարեփոխումներ անցկացնի: Խորհրդարանականը հայտարարել է, որ ԵՄ-ն կսատարի նրան, ուստի, վստահ է Բրոկը, Ուկրաինայի բնակիչները չպետք է վախենան դեֆոլտից:

Մինչև այդ Ռադայի ղեկավար Տուրչինովը հայտնել էր, որ տնտեսության վիճակն երկրում մոտ է կրիտիկականի: Պետության գանձապետարանը դատարակ է: Գերագույն ռադայի վերջին նիստում Տուրչինովը հայտարարել էր, որ հաշվեհամարների վրա այլևս գումար չկա:

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի տնտեսական խնդիրները կարելի է լուեծել միայն ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, ինչպես նաև գործակցելով ԱՄՀ-ի հետ:

«Տնտեսական խնդիրները հնարավոր կլինի լուծել միջազգայն վարկերի ու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ: Վարշավան պատրաստ է սատարել Ուկրաինային ԱՄՀ հետ գործակցության հարցում»,- ասել է նա, հայտնում է Ուկրինֆորմը:

Կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ի իր միկրոբլոգում փետրվարի 22-ին շնորհավորել է Ուկրաինային:

«Շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին: Տեղերում գործելու հիանալի օրինակ: Մտովի ձեզ հետ եմ, քանի որ դուք եք որոշումձեր ապագան»,- գրել է Շվարցենեգերը, հայտնում է Cxid.info-ն:

Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն այսօր՝ փետրվարի 24-ին, կայցելի Ուկրաինա: Այդ մասին ասվում է ԵՄ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ասվում է, որ Կիևում Էշթոնը կհանդիպի գլխավոր շահագրգիռ կողմերի հետ և կքննարկի Եվրամիության աջակցությունն ու Ուկրաինայում իրավիճակի տնտեսական կայունացման ուղիները:

Մինչդեռ Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը պատրաստ է հեռանալ Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնից հենց որ վերականգնվի գործադիր իշխանությունը: Այդ մասին ասվում է ժողովրդին ուղղված նրա ուղերձում: «Ուզում եմ ասել, որ ես չեմ ձգտել այս պաշտոններին ու լիազորություններին, և գործադիրի վերականգնումից հետո պատրաստ կլինեմ անմիջապես հրաժարական տալ»,- ասել է խոսնակը:

«Գիտակցում ենք ՌԴ հետ կապերի կարևորությունը և պատրաստ ենք Ռուսաստանի ղեկավարության հետ երկխոսության, հարաբերություններն այդ երկրի հետ կառուցելով նոր, արդար, իրավահավասար ու բարիդրացիական հիմքի վրա, որը ճանաչում և հաշվի է առնում Ուկրաինայի եվրոպական ընտրությունը»,- հայտնում է Polemika.com.ua-ն:

Իսկ Ուկրաինայի հարավ-արևելքը, որը նախագահ Յանուկովիչի հավատարիմ հենարանն էր, համակված է բողոքի զանգվածային ցույցերով, իրար հակադիր ուղղվածության, իսկ տեղական իշխանությունները հայտարարում են նոր իշխանություններին սատարելու մասին:

Երեկ Ղրիմում բազմահազարանոց հանրահավաք էր, որի մասնակիցները պահանջում էին վաղաժամ դադարեցնել Ղրիմի Գերագույն խորհրդի լիազորություններն ու պատգամավորների արտահերթ ընտրություններ նշանակել: Մարդիկ պահանջում էին կասեցնել ինքնավարությունում Ռեգիոնների կուսակցության տոտալ թելադրանքը, դատապարտում տեղի իշխանությունների քաղաքականությունը, որը չէր ապահովում Ղրիմի թաթարների որպես տարածաշրջանի բնիկ ժողովրդի իրավահավասար մասնակցությունն իշխանական մարմիններին:

Միաժամանակ Սևաստոպոլում Ռուսաստանի կողմնակիցների հանրահավաքն էր, որի մասնակիցները որոշեցին, որ քաղաքը պետք է ղեկավարի ՌԴ քաղաքացի, տեղաբնակ գործարար Ալեքսեյ Չալին: Մարդիկ կրում էին ՌԴ դրոշներ, ելույթ էին ունենում տեղացի ակտիվիստները, իսկ ակցիան պաշտպանում էին «Ռուսական դաշինք» կուսակցության կողմնակիցները:

Ցուցարարներն անվստահություն հայտնեցին քաղաքային իշխանության ղեկավար Վլադիմիր Յացուբեին և նախաձեռնեցին տեղական ժողովրդական խորհրդի ստեղծում: Չալին պետք է գործկոմ ձևավորի, ինքնապաշտպանության ջոկատներ:

Իսկ Ղրիմի պաշտոնական իշխանությունները խոստացել են պաշտպանել տարածաշրջանը ծայրահեղականությունից ու անարխիայից: Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Անատոլի Մոգիլյովը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են բոլոր ռազմավարական օբյեկտները:

Խարկովում նույնպես բողոքի ակցիաներ են: Տեղական իշխանությունների ղեկավար Միխայիլ Դոբկինը և քաղաքապետ Գենադի Կերնեսը, որոնց կասկածում են քրեածին տարրերի հետ կապերի մեջ, համագումարից հետո շտապ լքել են Ուկրաինան, սակայն այժմ վերադարձել են և հայտարարել, որ ընդունում են երկրում իրադարձությունները: Օդեսայում մոտ 200 մարդ հավաքվել է «Բերկուտի» տեղակայման վայրում՝ աջակցություն հայտնելով մարտիկներին: Եվրամայդանի հակառակորդները կրում էին Ռուսաստանի դրոշներն ու կարգախոսները, հայտնում է ՌԲԿ-ն:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա փետրվարի 23-ին Ռոստովում «Կանխենք աղետն Ուկրաինայում» կարգախոսով անցավ Կոմկուսի հանրահավաքը: Կոմունիստները պահանջեցին անհապաղ դադարեցնել արյունահեղությունն ու վերականգնել կարգուկանոնը, կոչ արեցին Ուկրաինայի իշխանություններին անհրաժեշտ միջոցներ ընդունել կասեցնելու համար հակապետական կառույցների գործունեությունը:

Մինչդեռ Ռոստովի մարզի Երիտասարդության եվրասիական միության համակարգողները սկսել են կամավորների ցուցակագրումը, որոնք կոչված են լինելու հակազդել գրոհայինների ուժերին: Որոշ տվյալներով, մեկ օրում արդեն մոտ 50 ցանկացող է հայտնվել, հայտնում է Don News-ը:

Իսկ ՌԴ Պետդումայում օրինագիծ է ներկայացվել, ըստ որի պարզեցվում է Ուկրաինայի ռուս քաղաքացիների ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը: Օրինագծի հեղինակն է պատգամավոր Իլյա Դրոզդովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Փաստաթղթով փոփոխություններ են նախատեսվում ՌԴ քաղաքացիության մասին օրենքում: Ըստ Դրոզդովի, Ուկրաինայի իշխանությունները չկարողացան ապահովել իրենց պետության քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում նաև ռուս բնակչության, ազգայնամոլական երևույթների ուժեղացման պատճառով:

Կիևում զինված դիմակայության հետևանքով զոհվել է 82 մարդ, շուրջ 600 վիրավորվել է: Այդ թվում զոհվել է միլիցիայի 10 աշխատակից: