Կիևի Մայդանում փետրվարի 26-ի երեկոյան ժողովրդական հավաքի ժամանակ «Բատկիվշչինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկի թեկնածությունը հրապարակվել է որպես վարչապետի պաշտոնի հավակնորդ: Հրապարակվել են նաև նախարարների նոր կաբինետի մյուս թեկնածուների անունները: Նոր կառավարությունում նախատեսվում է լյուստրացիայի կոմիտե ստեղծել:
Նոր գործադիրի կազմի վերաբերյալ քվեարկությունը Գերագույն ռադայում կանցնեն այսօր՝ փետրվարի 27-ին: Կառավարության կազմի Մայդանի առաջարկած տարբերակով եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ է առաջարկվում Ուկրաինայի ԱԳ նախարար Բորիս Տարասյուկը, հումանիտար քաղաքականության գծով նախարարի պաշտոնում՝ Օլեգ Բոգոմոլեցին, փոխվարչապետ նախարարի պաշտոնում՝ Ալեքսանդր Սիչին, արդարադատության նախարարի պաշտոնում՝ Պավել Պետրենկոյին:
ԱԳ նախարարի պաշտոնում առաջադրվել է Անդրեյ Դեշիցը, ներքին գործերի նախարարի՝ Արսեն Ավակովը, հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար լրագրողուհի Տատյանա Չերնովոլը, լյուստրացիոն կոմիտեի ղեկավար՝ Եգոր Սոբոլևը: Ծեծի ենթարկված Ավտոմայդանի առաջնորդ Դմիտրի Բուլատովը կարող է դառնալ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար: Ցուցակում չկա Վիտալի Կլիչկոյի գլխավորած «Ուդառ» կուսակցության ոչ մի ներկայացուցիչ:
Բեմից նաև հայտարարել են, որ շարունակվում են խորհրդակցությունները Լեոնիդ Կոստյուչենկոյի հետ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնի վերաբերյալ: Շարունակվում են բանակցությունները պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ, քանի որ Աֆղանստանի պատերազմի մասնակիցներն իրենց թեկնածությունն են առաջադրել այդ պաշտոնում, հայտնում է ВВС-ին:
Մինչդետ Սիմֆերոպոլում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի շենքի մոտ երկու հանրահավաքների մասնակիցների միջև բախումներ են եղել: Ակցիայի ժամանակ, ըստ Ղրիմի առողջապահության նախարարության, առանց մարմնական վնասվածքների անհայտ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկատվության, մահվան պատճառը սրտի սուր նոպան էր: Մի քանի մարդ տուժել է:
Փետրվարի 26-ին հազարավոր ցուցարարներ էին հավաքվել: Մի կողմից՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու կողմնակիցները, մյուս՝ Ղրիմի թաթարներն ու տեղի Եվրամայդանի մասնակիցները: Ոմանք վանկարկում էին «Ռուսաստան, Ռուսաստան», մյուսները՝ «Ղրիմը Ռուսաստան չէ», «Ուկրաինա»: Մասնակիցներին բաժանում էր միլիցիայի պատնեշը:
Կիևից Սևաստոպոլ վերադարձած միլիցիայի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկներին որպես հերոսների էին դիմավորում: Այս քաղաքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, Եվրամայդանի օգտին հանդես գալն այնքան էլ անվտանգ չէ: Այստեղ, ինչպես ընդհանուր առմամբ Ղրիմում, բնակչության մեծ մասը ռուսամետ է, գրում է euronews-ը: Հանրահավաքների որոշ մասնակիցներ, ինչպես, օրինակ, Կերչում, որտեղ ցուցարարները մի քանի օր առաջ քաղաքապետարանի շենքի վրա Ռուսաստանի դրոշն էին բարձրացրել, բացահայտ պահանջում են, որ Ղրիմը դուրս գա Ուկրաինայի կազմից: Անջատողական այդ տրամադրությունների ալիքը մտահոգում է Կիևին:
Ղրիմը, որի բնակչության 60 տոկոսը ռուսալեզու է, փոխանցվեց Ուկրաինային Նիկիտա Խրուշչովի որոշմամբ 1954 թվականին, երբ Ուկրաինան ԽՍՀՄ հանրապետություններից մեկն էր: 1991 թվականից հետո, երբ Ուկրաինան անկախություն ստացավ, Ղրիմը ստացավ ինքնավար հանրապետության կարգավիճակ:
1997 թվականին Ռուսաստանի հետ պայմանագիր կնքվեց, որի համաձայն նա պահպանեց իր ռազմածովային բազան Սևաստոպոլում մինչև 2017 թվականը: 2012 թ. նախագահ Յանուկովիչը երկարացրեց պայմանագիրը 25 տարով՝ մինչև 2042 թվականը:
Ղրիմը կապված է Ռուսաստանի հետ ընդհանուր պատմությամբ, իսկ բնակչության մեծ մասի համար նաև ընդհանուր լեզվով: Ուստի Գերագույն ռադայի որոշումը տարածաշրջանային լեզուների մասին օրենքը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, որն, օրինակ, թույլ էր տալիս գործավարությունը ռուսերենով վարել, այստեղ հակազդեցություն առաջացրեց:
Երեքշաբթի Ղրիմ էր ժամանել Պետդումայի պատգամավորների խումբը, բնակիչներին հավաստիացնելու, որ Ռուսաստանը սատարում է իրենց: Ի դեպ, այդ խմբի ղեկավար, ԱՊՀ գծով կոմիտեի նախագահը հերքել էր լուրերը Ղրիմի բնակիչներին ռուսական անձնագրեր բաժանելու մասին:
ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային ֆինանսական օգնության տեսքով 1 մլրդ դոլար հատկացնելու հնարավորությունը: Այդ մասին լրագրողների հետ նեղ շրջանակում հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ըստ նրա, խոսքը նշված գումարի վարկային երաշխիքների տրամադրման մասին է, հայտնում է AFP-ն:
Քերին նշել է, որ թեև Ուկրաինային ֆինանսական աջակցության ծրագիրն արդեն մշակվել է, վերջնական որոշում դեռ չի կայացվել: Պետքարտուղարը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիությունն իր հերթին պատրաստ է Կիևին 1,5 մլրդ դոլար հատկացնել: Քերին զգուշացրել է նաև, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ուկրաինայի իրադարձություններին «լուրջ սխալ» կլինի: Նման զարգացումների հավանականությունը սկսվել է քննարկվել, երբ ՌԴ ՊՆ փետրվարի 26-ին լայնածավալ զորավարժանք էր սկսել, որին մասնակցում էր մոտ 150 հազար զինծառայող: ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ զորավարժությունները կապ չունեն Ուկրաինայի իրադարձությունների հետ, գրում է Lenta.ru-ն:
Ուկրաինայի նոր ղեկավարությունը, որն իշխանության եկավ Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո, ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ ու ԵՄ ներկայացուցիչների հետ հնարավոր ֆինանսական օժանդակության վերաբերյալ բանակցելու մտադրության մասին: Ուկրաինային 2014-ի համար մոտ 35 մլրդ դոլար է հարկավոր:






