Կարծես թե, ուկրաինական մղձավանջը նոր է սկսվում և սկսվում է միջուկային ենթատեքստով: Ըստ «Ազատություն» ազգայնական կուսակցության պատգամավոր, որն ի դեպ ԵՄ-ն ահաբեկչական է համարում, Միխայիլ Գոլովկոյի, «ի պատասխան Ռուսաստանի գործողություններին Ղրիմում Ուկրաինան կարող է վերադարձնել իր միջուկային կարգավիճակը»: Նշենք, որ ազգայնամոլները առաջին անգամը չէ, որ պահանջում են վերականգնել Ուկրաինայի միջուկային կարգավիճակը: 2009 թվականին, երբ Վիկտոր Յուշչենկոյի նախագահության օրոք վատթարացան հարաբերությունները Ռուսաստանի հետ, նրանք պահանջեցին շտապ «մոնտաժել և մարտական հերթապահության կանգնեցնել 15-20 տակտիկական միջուկային (ուրանի և պլուտոնիումի) մարտագլխիկները միջին հեռահարության հրթիռների վրա»: Պահանջը պատճառաբանվեց ՌԴ կողմից իբր գոյություն ունեցող ռազմական ագրեսիայի սպառնալիքով:
Միջուկային կարգավիճակի վերականգնման մասին կետ կա «Ազատություն» կուսակցության ծրագրում: Հիմնավորելով այդ պահանջը՝ ազգայնականները մասնավորապես հղում են կատարում «կոպիտ քաղաքական ու տնտեսական ճնշման վրա, ՌԴ պաշտոնյաների Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու մշտական փորձերի վրա»: Միջուկային ծրագրում օգնելու խնդրանքով նրանք առաջարկում են դիմել ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային:
Անշուշտ, հազիվ թե Արևմուտքի երկրները ցանկանան միջուկային Ուկրաինա ունենալ անկանխատեսելի կառավարությամբ ու Ռուսաստանի կողմից հնչող սպառնալիքներով, որոնք ավելի շատ հորինված են, քան իրական: Այնուամենայնիվ, ազգայնականների կոչին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել: 1990-ականներին Ուկրաինան կամավոր հրաժարվեց իր միջուկային զենքից, ռազմավարական հրթիռային սպառազինությունից ու ռազմավարական ավիացիայից: Կիևը լայնորեն գովազդեց իր այդ գործողությունները որպես երիտասարդ պետության հավատարմություն խաղաղության ու զինաթափման գործին: Սակայն, որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ այդ գործողությունն այնքան էլ կամավոր չէր, այլ տեղի ունեցավ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի բիրտ ճնշմամբ:
Բանն այն է, որ մինչ օրս Ուկրաինան միջազգային հիերարխիայում մնում է շեմային պետություն: Դա նշանակում է, որ նրա տնտեսական ու գիտատեխնիկական ներուժը բավարար է միջուկային զենքի մշակման համար: Թեկուզ այն պատճառով, որ ԽՍՀՄ զինանոցում առկա 20 մարտական ռազմավարական հրթիռային համալիրներից 13-ը մշակվել էին Դնեպրոպետրովսկի «Յուժնոյե» և «Յուժմաշ» բյուրոյում ու ձեռնարկությունում, գրում է Միխայիլ Տրեզվինը RUpor ռեսուրսում:
Այսօր նույնիսկ թռուցիկ վերլուծությունը վկայում է այն մասին, որ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական բազան, հիմքերի ստեղծումը Ուկրաինայում միջուկային մարտագլխիկների արտադրության համար, ամենահամեստ գնահատականներով, կպահանջի 5-7 տարի 200-300 մլն դոլար ամենամյա ներդրումների դեպքում: Ընդ որում միջուկային կարգավիճակի ճանապարհին Ուկրաինան պետք է արդյունաբերության մեջ ներդնի մի շարք պակասող տեխնոլոգիաներ: Արդեն այժմ նա ունի բարձր հարստացված ուրանի պաշար: Երկրում պահպանվել են նաև ուրանի արդյունահանման և վերամշակման երկու ձեռնարկություններ, ծանր ջրի արտադրության գործարան, էլեկտրոնային բաղադրիչների ստեղծման տեխնոլոգիաներ և նույնիսկ հատուկ չափիչ տեխնիկա, որով որոշվում է միջուկային նյութերի իզոտոպային բաղադրությունը: Գիտնականները գտնում են, որ երկրում սեղմ ժամկետում կարող են արդյունաբերական տեսք ստանալ պակասող միջուկային տեխնոլոգիաները, ինչպես օրինակ տրիտիումի ստացումը, պլուտոնիումի իզոտոպների տարանջատման տեխնոլոգիական գծերը, ռազմական նշանակության պլուտոնիում արտադրող ռեակտորը, պլուտոնիումի հարստացման ռադիոքիմիական գործարանը և պլուտոնիումի արտադրության մետալուրգիական գործարանը:
Հազիվ թե Արևմուտքին պետք լինի ևս մեկ երկիր գրեթե պատրաստի միջուկային զենքով, թեև եթե հաշվի առնենք, որ այդ զենքի թիրախը կարող է Ռուսաստանը լինել, ապա գուցե և հարկավոր լինի: Սակայն Ուկրաինայի միջուկային տերության կարգավիճակի վերականգնումը չի կայունացնի առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանը, ավելին, կխարխլի Արևելյան Եվրոպայի անվտանգության ամբողջ համակարգը, եթե, ինչպես արդեն նշվել է, զենքը հայտնվի ազգայնականների ու այլ ծայրհեղականների ձեռքում: Փաստորեն, ստացվում է, որ «Ազատություն» կուսակցությունը և մնացած բոլորը ուղղակի ցանկանում են ահաբեկել Ռուսաստանին և կանխել նրա կողմից Ղրիմի անեքսիան: Սակայն, կարծես թե, ոչ ոք չի պատրաստվում Ղրիմը զավթել…






