Ղրիմ է մտադիր մեկնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Ուկրաինա այցելության շրջանակում: Ուղևորության ժամկետը դեռ հայտնի չէ: Թուրք նախարարի այցը Ղրիմ առնվազն երկու նպատակ է հետապնդում՝ սատարել Ղրիմի թաթարներին և հող շոշափել ներթափանցման համար սկզբում կապիտալի տեսքով, հետո՝ թուրք քաղաքացիների, որոնք «հանկարծ ցանկություն կհայտնեն ապրելու թերակղզում»: Թուրքական վերնախավի որոշ հատվածի շրջանում անհասկանալի էյֆորիա է տիրում Ղրիմի հարցում, որն արդեն 200 տարի է չի պատկանում Օսմանյան կայսրությանը: Ավելին, թուրքերը միանգամայն լուրջ են դիտարկում Ղրիմը որպես Մեծ Թուրանի մաս: Պատահական չէ, որ Ահմեդ Դավութօղլուն օրերս հայտարարեց. «Մենք ցանկանում ենք, որ իրավիճակն ամբողջ Ուկրաինայում և Ղրիմում կայունանա, քանի որ Ղրիմն այն դռներն են, որոնք Ուկրաինայից բացվում են դեպի Թուրքիա: Բացի այդ, Ղրիմը կարևոր է Թուրքիայի համար, քանի որ այնտեղ մեր հայրենակիցներն են ապրում՝ Ղրիմի թաթարները»:
Սակայն Անկարայում չգիտես ինչու մոռանում են, կամ անուշադրության են մատնում այն, որ Ղրիմի բնակչության 60 տոկոսը ռուսներն են կազմում, 24 տոկոսը ուկրաինացիները և միայն 12 տոկոսը՝ թաթարները: Նշանակում է, Ղրիմի անկախությունը ենթադրում է այդ հողերի միացումը Ռուսաստանին, և ամենևին էլ ոչ Թուրքիային: Հետևաբար, չի կարելի ենթադրել, որ Ղրիմի թաթարները կամ Թուրքիան ցանկանան, որ Ղրիմն անկախանա, և այդպիսով, սատարեն Ուկրաինայի մասնատման գաղափարին: Ինչն, ի դեպ, հաստատում են Ղրմի թաթարների առաջնորդ Ռեֆատ Չուբարովի հայտարարությունները, որը Ղրիմում հակառուսական տրամադրությունների ամենամեծ հակառակորդն է:
«Եթե 1990-ականներից ի վեր հնարավոր դարձավ թաթարների վերադարձը Ղրիմ, որոնց արտաքսել էին 1944 թվականին, և այսօր Ղրիմի թաթարները կարող են քաղաքական դերակատարություն ունենալ, ապա պարտական են դրանով գործող քաղաքական ու ժողովրդագրական կառուցվածքին Ուկրաինայում: Սա առաջինը: Եվ երկրորդը՝ եթե Ուկրաինան մասնատվի, դա կնշանակի, որ վերանում է Թուրքիան ու Ռուսաստանն անջատող բուֆերը, իսկ այդ իրավիճակն անցանկալի է մեզ համար աշխարհառազմավարական տեսակետից», գրում է թուրքական Star թերթը:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին մի քանի տարում ձախողումներ է կրում և Դավութօղլուի ինչ-ինչ դիվիդենտներ ստանալու հույսերը Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը մասնակցելուց, մեղմ ասած, անհիմն են: Ինչպես արդեն ասվել է, «Օսմանյան կայսրության սինդրոմն» առկա է մինչ օրս և Դավութօղլուի ամբողջ քաղաքականությունն ուղղված է նախկին գավառները Թուրքիայի շահերի գոտում ներգրավելուն: Եգիպտոսի, Իրաքի ու Սիրիայի դեպքում չստացվեց, և հետևելով իրադարձությունների տրամաբանությանը ԱԳ նախարարը որոշեց իր ջանքերն ուղղել դեպի Ղրիմ: Սակայն այստեղ էլ նրա մոտ ոչինչ չի ստացվի՝ բնակչության ցածր տոկոսն է շահագրգռված, որ թուրքական տարրը վերադառնա թերակղզու քաղաքական դաշտ: Էլ ավելի սակավաթիվ քաղաքացիներ են շահագրգռված, որ փոքրամասնություն կազմող 12 տոկոսն իր պայմանները թելադրի:






