AM
25 December 2002 - 18:42 AMT

ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱՅԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Համաձայնություն» վրացական երիտասարդական շարժումը մեղադրել է «Միավորված ժողովրդավարներ» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիային Ջավախքում գործող հայկական կազմակերպությունների հետ գաղտնի քաղաքական պայմանավորվածության մեջ: Այդ մասին, «Ինտերպրես» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է «Համաձայնության» նախագահ Դմիտրի Օմանիձեն: Նրա խոսքերով, «միավորված ժողովրդավարների» առաջնորդը ակտիվորեն համագործակցում է Ջավախքում գործող «Վիրք» եւ «Ջավախք» հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց, առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի դեպքում, խոստացել է ստեղծել հայկական ինքնավարություն Վրաստանում: Օմանիձեն մեղադրել է Ժվանիային եւ «Ազգային շարժման» առաջնորդ Միխաիլ Սահակաշվիլուն նոր ազգամիջյան բախումներ սանձազերծելու մեջ եւ առաջարկել է նրանց անցկացնել հեռուստաքննարկումներ: Ուսանողական շարժման առաջնորդը տարակուսանք է հայտնում ռուսամետ կազմակերպությունների հետ Ժվանիայի համագործակցության վերաբերյալ, քանի որ «Վիրքն» ու «Ջավախք»-ը հանդես են գալիս Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման դեմ: