Արդարության ու զարգացման կուսակցությունը, որի անդամ էր Էրդողանը, 1997 թվականին փակվեց զինվորականների միջամտության շնորհիվ: Սակայն 2002 թ. նրանք լուռ թույլ տվեցին նախկին կալանավոր Էրդողանին վարչապետ դառնալ: Ինչպես գրում է ԱՄՆ ՀԴԲ թարգմանիչ, ազգությամբ թուրք Սիբել Էդմոնդսը, իշխանության ամրապնդմանն ու ազդեցության աճին զուգահեռ աճում էր նաև Էրդողանի հավատը սեփական ուժերի հանդեպ: Նա համարեց, որ արդեն կարող է գլուխ չխոնարհել Գյուլենի առջև, այլ սեփական իշխանությունը կառուցել: Սա ԱՄՆ ու Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման առաջին պատճառն է: «Մեկ այլ պատճառ հանդիսացավ Էրդողանի կոշտ դիրքորոշումն Իսրայելի հարցում: Եվ այդ դիրքորոշումը քննադատեց, անտեսելով թուրքական քաղաքական կուսակցություններն ու մեդիաները, ինքը Ֆեթուլլահ Գյուլենը: Գյուլենի ամենամեծ հենարանն ԱՄՆ-ում հենց հրեական համայնքն էր: Որքան էլ տարօրինակ լինի, սակայն մահմեդական մոլլային, իմամին սատարում էր հրեական համայնքը:
Իսկ երրորդ պատճառը, որը նպաստեց Էրդողանի, Գյուլենի ու նրա հովանավոր ԿՀՎ-ի միջև հարաբերությունների վատթարացմանը, դարձավ Սիրիան: Սկզբում ԱՄՆ ու Էրդողանի միջև Սիրիայի հարցում համերաշխություն էր տիրում: ԿՀՎ-ն սատարում էր սիրիական ընդդիմությանը Թուրքիայի միջոցով, զենք էր մատակարարում նրան: Սակայն հետո Սիրիայում առաջին պլան դուրս եկան ծայրահեղականները, ինչը մեղմացրեց ԱՄՆ դիրքորոշումը Ասադի ռեժիմի հարցում: Սակայն ասպարեզում Ռուսաստանը երևաց, ինչը շփոթեց ԱՄՆ սիրիական ծրագրերը: Արդյունքում Թուրքիայի օժանդակությունը սիրիական ընդդիմությանը Գյուլենն ու Իսրայելը սկսեցին գնահատել որպես աջակցություն «Ալ Քայիդային»:
Ըստ ԿՀՎ նախկին գործակալի, իրականում Էրդողանն ու Արդարության ու զարգացման կուսակցութունը լոկ խորհրդանիշներ են, ինչպես և խամաճիկային կառավարությունները, այդ թվում նաև Օբաման ու Բուշը: Հիմնական ուժը այդ խորհրդանիշների ետևում կանգնած ԿՀՎ-ն ու ԱՄՆ ռազմա-արդյունաբերական համալիրն է: ԿՀՎ նպատակն է ամբողջապես իր վերահսկողության տակ առնել Թուրքիան, կառավարել նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը, մեջբերում է Էդմոնդսի հոդվածը haqqin.az-ը:
ԿՀՎ մտադրությունը Թուրքիան որպես մոդել օգտագործելն է, նույն կերպ վերահսկողություն սահմանելով նաև այլ երկրներում՝ ներդնելով չափավոր իսլամի նախագիծը Միջին Արևելքի մյուս երկրներում: Էրդողանի ու Գյուլենի խնդիրները խանգարում էին այս ծրագրին: Էրդողանի «վերջին մահացու սխալը» դարձավ Անկարայի հայտարարությունն այն մասին, որ զենքի բազմամիլիարդանոց գնումը կկատարվի ոչ թե ԱՄՆ-ում կամ Իսրայելում, այլ Չինաստանում: Դա խախտեց ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքներից մեկն ու հունից հանեց ռազմա-արդյունաբերական լոբբին ԱՄՆ-ում:
Ըստ Էդմոնդսի, Էրդողանի առջև երկու պայման դրվեց. կամ շուտափույթ բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ, հրաժարվել զենքի գնումներից Չինաստանում, հրաժարվել Շանհայի համագործակցության կազմակերպության հետ մերձեցումից, ներողություն խնդրել Գյուլենից, կամ էլ՝ հանգիստ հրաժարական տալ ու հեռանալ երկրից կուտակած հարստության մի մասով: Ըստ Էդմոնդսի, Էրդողանին խոստացել են ապաստան տալ Լոնդոնում: Եվ այժմ Էրդողանն երկընտրանքի առջև է, երկար սպասելու կարիք չի լինի:
Ֆեթուլլահ Գյուլենը հայտնի անձ է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա գրող է, նախկին իմամ ու քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ, Գրողների ու լրագրողների հիմնադրամի պատվո նախագահ: Նա «Հիզմեթ» շարժման նախաձեռնողն ու հիմնադիրն է: Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում: 2008 թ. Գյուլենն ընտրվել է մոլորակի ամենաազդեցիկ մտավորական ըստ Prospect и Foreign Policy-ի: 2013-ին Time ամսագիրն ընդգրկեց նրան «աշխարհի ամենաազդեցիկ 100 անձանց» ցուցակում:
Գյուլենի շարժումը կրոնական կազմակերպություն է, որը մասնագետները համարում են «թուրքական կրոնական աղանդ», «ծայրահեղական կազմակերպություն», «պանթուրքիստական», ինչպես նաև «պանիսլամիստական» կամ «քրդական ծայրահեղական» կազմակերպություն: Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազգությամբ քուրդ, հայտնի աստվածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ դոլարի: Տեղական ինքնակառավարման ընտրությունները Թուրքիայում կանցնեն մարտի 30-ին:






