Ռուսաստանին ու Արևմուտքին չի հաջողվել լուծել Ղրիմի ճգնաժամի շուրջ առաջացած տրաձայնությունները, մարտի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի արևելյան շրջաններ մտնելու որևէ պլաններ չի ունեցել ու հիմա էլ չունի։
Մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեով պայմանավորված շտապ բանակցությունները որպես քաղաքական ճգնաժամը կանխելու վերջին փորձ էին ընկալվում։ Ավելի վաղ Քերրին մեկ անգամ չէ, որ խոսել էր բավականին լուրջ քայլերի մասին, որոնց Ղրիմի անեքսիայի դեպքում կարող է դիմել Արևմուտքը, գրում է ВВС Russian-ը։
«Իրավիճակի վերաբերյալ մեկ տեսակետ չունենք»,- հայտարարել է Լավրովը։ Բայց Քերրիի հետ իր երկար խոսակցությունը ռուս նախարարն օգտակար է գնահատել։
«Հարգելու ենք մարտի 16-ի հանրաքվեին արտահայտված Ղրիմի բնակիչների կամքը։ Ռուսաստանի համար Ղրիմն ավելին արժե, քան Ֆրանսիայի համար Կոմորյան, կամ Բրիտանիայի՝ Ֆոլքլենդյան կղզիները»,- Լոնդոնում մամուլի ասուլիսին նշել է Սերգեյ Լավրովը։
Պաշտպանելով Ղրիմում Ռուսաստանի գործողությունները, ռուս դիվանագետն ասել է․ «Այն, որ Ղրիմում բոլորը նշում են ինչ-որ լուրջ իրավախախտումների բացակայությունը, պայմանավորված է հենց նրանով, որ լրացուցիչ միջոցներ էին կիրառվել․ ինքնապաշտպանության ազգային ջոկատները վճռական էին թույլ չտալ Մայդանի սցենարի կրկնություն, որտեղ, իմիջիայլոց, վրանային ճամբարը դեռ շարունակում է մնալ»։ Ղրիմում ռուսական անեքսիայի դեպքում Արևմուտքի կողմից հնարավոր սանկցիաների մասին հարցին Լավրովը պատասխանել է, թե բանակցությունների ընթացքում «Քերրին Ռուսաստանի հանդեպ որևէ սպառնալիքներ չի հնչեցրել»։
«Ինչ վերաբերում է սանկցիաների հեռանկարներին՝ մենք ապրում է տեղեկատվական դաշտում՝ կարդում ենք, լսում, գիտենք՝ ինչ է քննարկվում Վաշինգտոնում, Եվրոպայում, ու պիտի վստահեցնեմ, որ մեր գործընկերները ևս հասկանում են, որ սանկցիաները՝ անարդյունավետ գործիք են․․․ Այն, որ դա չի նպաստի համատեղ բիզնեսում հետաքրքրություններին, մեր գործընկերության զարգացման գործում ընդհանուր հետաքրքրություններին, դա այդպես է։ Ռուսաստանն Ուկրաինայի հարավ-արևելք ներխուժման պլաններ չունի ու չի կարող ունենալ»,- նշել է Լավրովը։
Պետքարտուղար Ջոն Քերրին իր հերթին հայտարարել է, որ Լոնդոն էր ժամանել ռուս առաջնորդներին համոզելու, որ Ուկրաինայի հարցում «առավել խելամիտ ճանապարհ ընտրեն»։ «Գլխավոր նպատակն է հասկանալ՝ պարտա՞ստ է արդյոք նախագահ Պուտինը միջազգային իրավունքին համապատասխան լրջորեն զբաղվել առաջընթացի հասնելու հնարավորության որոնմամբ»,– նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատրաստ են իրադրարձությունների այնպիսի զարգացմանը, որ Ղրիմը հանրաքվեի արդյունքում կարող է միանալ Ռուսաստանին։
«Որոշակի պատասխան կլինի հենց հանրաքվեի համար, բացի այդ, եթե չլինեն առաջխաղացման ու տվյալ խնդրի լուծման որևէ հեռանկարներ, երկուշաբթի Եվրոպայում ու այստեղ լուրջ քայլեր կարվեն՝ հաշվի առնելով մեր ունեցած տարբերակները»,– ասել է Պետքարտուղարության ղեկավարը։ Միևնույն ժամանակ Քերրին նշել է, թե դա այն քայլը չէ, որին Վաշինգտոնը կուզեր գնալ։ Ըստ նրա, դրա փոխարեն ղեկավարությունն այնպիսի որոշում կնախընտրեր, որի շրջանակում Ռուսաստանը կմիանա նրանց, ով հարգում է միջազգային իրավունքը։
Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիչը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։
Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ: Որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։
Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։
Մարտի 11-ին արտահերթ նիստի ընթացքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «ՂԻՀ և Սևաստոպոլ քաղաքի Անկախության հռչակագիրը»: Հռչակագրի ընդունմանը կողմ է քվեարկել Գերագույն խորհուրդի քվեարկությանը մասնակցած 81 պատգամավորներից 78-ը:






