AM
19 Մարտ 2014 - 13:36 AMT

Թուրքիան չի պատրաստվում Ղրիմի պատճառով փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Hürriyet թուրքական թերթում վերջերս հոդված էր տպագրվել, որում նշվում էր, թե եթե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը հայտարարի անկախության մասին, կհայտնվի թուրքական իշխանության ներքո:

Հոդվածի հեղինակի խոսքով` այդ մասին է վկայում համաձայնագիրը, որ 230 տարի առաջ ստորագրել են Օսմանյան ու Ռուսական կայսրությունները: Եկատերինա կայսրուհու կողմից 1783-ի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրում նշվում է, որ Ղրիմի թերակղզին Օսմանյան կայսրության կազմից անցնում է Ռուսաստանին:

«Սակայն ամենակարևոր կետերից մեկում ասվում է, որ թերակղզին չի կարող ակնկախ հռչակվել կամ հանձնվել երրորդ երկրի: Այլապես Ղրիմը պետք է ավտոմատ կերպով վերադարձվի Թուրքիային», – պնդում է հեղինակը:

Նա նշում է, որ դեռևս 1991-ին ԽՍՀՄ քայքայումից և անկախ Ուկրաինայի ստեղծումից հետո Թուրքիան արդեն փաստացի իրավունք ուներ վերադարձնել Ղրիմը: «Սակայն Թուրքիայի կառավարությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Թուրգութ Օզալը, հաշվի առնելով Թուրքիայի հյուսիսում աշխարհաքաղաքական փոփոխությունները չի պնդել իր այդ իրավունքը: Թուրքիան բավարարվել է միայն Ղրիմի թաթարների իրավունքները վերականգնելու պահանջով, որոնք Ղրիմում փոքրամասնություն էին կազմում»,- հոդվածից մեջբերում է անում QHA գործակալությունը:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Անադոլուն», Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ղրիմի հարցում սատարում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին խոսք անգամ չի գնում: «Թուրքիան պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ», – ասել է Դավութօղլուն:

Մարտի 18-ին Մոսկվայում ՌԴ կազմում Ղրիմն ու Սևաստոպոլը ներառելու մասին համաձայնագիր է ստորագրվել։ Ըստ Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության, փաստաթուղը ստորագրել են նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարներն ու Սևաստոպոլի քաղաքապետը։

Մարտի 11-ին արտահերթ նիստի ընթացքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «ՂԻՀ և Սևաստոպոլ քաղաքի Անկախության հռչակագիրը»: Հռչակագրի ընդունմանը կողմ է քվեարկել Գերագույն խորհուրդի քվեարկությանը մասնակցած 81 պատգամավորներից 78-ը:

Մարտի 17-ին Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում ընդունել է «Ղրիմի անկախության մասին» որոշում` թերակղզին հայտարարելով անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։

Հանրապետությունը՝ ի դեմս Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ղրիմի հանրաքվեի հարցաթերթիկների 100% մշակումից հետո հայտնի է դարձել, որ Ղրիմի` Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին է քվեարկել ընտրողների 96.77%-ը: Մարտի 17-ի առավոտյան այս տվյալը հայտարարել է Ղրիմի հանրաքվեի անցկացման կոմիտեի նախագահ Միխաիլ Մալիշևը: Քվորումը կազմել է 82,71%: Ղրիմում ընտրատեղամասեր են եկել ընտրողների 81,36%-ը, Ստավրոպոլում` 89,51%:

Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիչը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։

Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ և որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։