Ապրիլի 6-ին ակտիվիստներն առնվազն երեք կառավարական շենք են գրավել Արևելյան Ուկրաինայի արդյունաբերական կենտրոններում՝ Դոնեցկում, Լուգանսկում ու Խարկովում, որտեղ Ռուսաստանի հետ մերձեցման համար հանրահավաքներ են անցնում: Արևելյան շրջանների ապակայունացումն ազդարարում է ռուսական մոտալուտ ներխուժումը, պնդում են Կիևում: Վերլուծաբանները քննարկում են «Պուտինի եվրասիական հավակնությունները», մասնավորապես, նշելով «հարավկովկասյան միջանցքը»:
Ապրիլի 6-ի առավոտյան հարյուրավոր ցուցարարներ Ռուսաստանի դրոշները պարզած ճեղքել են միլիցիայի արգելապատնեշը Ուկրաինայի երկրորդ քաղաքը համարվող Խարկովի շրջանային վարչական շենքի շուրջ, հայտնում է The Los Angeles Times-ի թղթակից Սերգեյ Լոյկոն: Շենքում չկային ոչ աշխատակիցներ, ոչ պաշտոնյաներ, իրավապահները ուժ չեն կիրառել: Հավաքվածները պահանջեցին շրջանում հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու վերաբերյալ և ազատ արձակել միլիցիայի հատուկ ստորաբաժանման նախկին անդամներին, որոնք անցած շաբաթ ձերբակալվել են Կիևում:
Ավելի ուշ նույն օրը ռուսամետ ակտիվիստները գրավել են շրջանային վարչական շենքը Դոնեցկում և Ուկրաինայի անվտանգության ծառայության շտաբը Լուգանսկում: Խարկովում և Դոնեցկում տուժածնեի մասին տեղեկություններ չկան: Առնվազն երկու մարդ է վիրավորվել Լուգանսկում, որտեղ իշխանություններն ամբոխի պահանջով ազատ են արձակել վեց ձերբակալվածների, որոնց մեղադրում էին անջատողականության մեջ:
Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը խոստացել է կարգ ու կանոնը վերականգնել երկրի արևելյան շրջաններում, չդիմելով բռնության, և մեղադրել է պաշտոնանկ Յանուկովիչին Պուտինի հետ գործարքի մեջ մտնելու համար, հայտնում են Reuters-ի թղթակիցներ Լինա Կուշչը և Թոմաս Գրոուվը: Նրանց հոդվածը հրապարակել է The Washington Post-ը:
«Պուտինն ու Յանուկովիչը վճարել են երկրի արևելքում՝ Լուգանսկում, Դոնեցկում, Խարկովում, անջատողականների անկարգությունների հերթական ալիքի համար: Շատ մարդ չի հավաքվել, բայց նրանց ագրեսիվ կեցվածքն ուղղակի չափից դուրս է», -գրել է նախարարը Facebook-ի էջում:
Ինչպես հայտնում են թղթակիցները, Դոնեցկում ցուցարարները պահանջել են շրջխորհրդի արտահերթ նիստ գումարել քննարկելու համար Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնելու հարցը: Ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարել է թե շրջխորհրդի պատգամավորները պետք է հավաքվեն մինչև կեսգիշեր և որոշում կայացնեն հանրաքվե անցկացնելու մասին: Լուգանսկում ցուցարարները նմանատիպ պահանջներ են ներկայացրել:
Մինչդեռ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ապրիլի 6-ին հայտարարել է, որ Արևմուտքը պետք է վճռական գործողությունների դիմի, նույնիսկ ՆԱՏՕ-ի զորքերը մտցնի Ուկրաինա, եթե Ռուսաստանը փորձի զավթել երկրի արևելքը: «Եթե Ռուսաստանը որոշի ընդլայնել տարածքային էքսպանսիան դեպի Արևելյան Ուկրաինա, ապա դա շատ լուրջ կլինի», -մեջբերում են ԶԼՄ-ները չեխ նախագահի խոսքը:
Ռուսամետ ակտիվիստների գործողությունների ալիքը բարձրացավ Ուկրաինայի արևելքում զինված ապստամբության մեղադրանքով 15 մարդկանց ձերբակալության հաջորդ օրը, հայտնում է The Sunday Times-ը: Անվտանգության ծառայությունը պնդում է, որ ձերբակալվածները ծրագրում էին ապրիլի 10-ին զավթել իշխանությունը Լուգանսկում: Նրանցից առգրավվել է 300 ինքնաձիգ, ատրճանակներ, ձեռքի նռնակներ ու պայթուցիկ նյութեր: Ուկրաինայի կառավարությունը պնդում է, որ ցույցերը, որտեղ կոչ են անում Մոսկվային միացնել Լուգանսկը, Դոնեցկն ու Խարկովը, կազմակերպել են ռուսական անվտանգության ծառայությունները երկրի կայունացման համար: Դա արվում է ռուսական զորքերի ներխուժման շեմին, կարծում են Կիևում: Անցած շաբաթ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արդեն հայտարարել էր, որ Վիկտոր Յանուկովիչի դեմ բողոքների ժամանակ Ուկրաինայում են եղել ՌԴ ԱԴԾ 26 աշխատակիցներ: Ուկրաինայի անվտանգության մարմինները մեղադրում են նրանց Մայդանում ցուցարարների սպանություններին մեղսակից լինելու մեջ:
Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը պնդում է նաև, որ ընթացիկ տարվա հունվարին ռուսական ինքնաթիռը մոտ 5 տոննա զենք ու պայթուցիկ նյութեր է առաքել Ուկրաինա, որոնք պետք է օգտագործվեին ցուցարարների դեմ: Լուբյանկայում բոլոր մեղադրանքները վճռականորեն հերքում են և ի պատասխան հայտարարել են 25 ուկրաինացիների ձերբակալության մասին, որոնք իբր լրտեսում են Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղաշարժը, ասվում է հրապարակման մեջ:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մեղադրում է Մոսկվային Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համար, գրում է իտալական La Repubblica-ն:
«Պուտինն ինձ հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ չեն լինի, ես հուսով եմ, որ նա կկատարի խոստումը: Ես ՄԱԿ առաքելություն եմ գործուղել Ուկրաինա, նրանք աշխատում են ԵԱՀԿ դիտորդների հետ: Ես պայմանավորվել եմ այդ մասին նախագահ Պուտինի հետ: Սակայն մենք չկարողացանք տարածել այդ առաքելությունը նաև Ղրիմի վրա»,- տեղեկացրել է Պան Գի Մունը:
«Ամերիկյան ղեկավարությունն արձագանքեց Մոսկվայի կողմից Ղրիմի զավթմանը՝ սատարելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք գտնվում են ՌԴ հարևանությամբ, և ճիշտ է արել: Սակայն անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը նաև ուշադրություն դարձնի հարավկովկասյան միջանցքի անվտանգությանը, որն անցնում է Վրաստանով ու Ադրբեջանով», -գրում է Ջոն Հոփկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը The Wall Street Journal-ում:
Ուկրաինայի և Անդրկովկասի երկրների ճակատագրերը սերտորեն կապված են՝ երկու տարածաշրջանները հատուկ կարևորություն ունեն Բելառուսից մինչև Տաջիկստան ձգվող «եվրասիական» կայսրության մասին Վլադիմիր Պուտինի երազանքի իրականացման համար: «Այստեղից է բխում նաև ներխոժումը Վրաստան 2008 թվականին, որն, ինչպես խոստովանեց ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ուղղված էր ՆԱՏՕ-ի ընդլայնումը կասեցնելուն», -մտորում է քաղաքագետը:
«Մոսկվան ամրապնդեց դիրքերը Հայաստանում, հերթը Վրաստանինն է ու Ադրբեջանինը, որտեղ Պուտինը ֆինանսավորում է ռուսամետ խմբերին», -պնդում է հեղինակը: «Օգտագործելով իր զգալի ներկայությունը Հայաստանում՝ Մոսկվան կարող է բորբոքել վերջինիս վաղեմի հակամարտությունն Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար: Իսկ Վրաստանը գտնվում է Ռուսաստանի ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների միջև: Օբաման պետք է պաշտոնապես հայտարարի, որ սատարում է Վրաստանին ՆԱՏՕ-ում նրա անդամակցությանը նախապատրաստելու գործում»,- գրում է Քորնելը:
Ադրբեջանը չի խնդրում ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, սակայն Վաշինգտոնը պետք է խորհրդակցություններ անցկացնի Բաքվի հետ՝ խորացնելու համար այդ երկրի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: ԱՄՆ ռազմակայանների տեղակայումը այդ պետություններից մեկում կամ երկուսում ճիշտ ազդանշան կլինի Մոսկվային, ասվում է հոդվածում:
Ինչպես The New York Times-ում գրում է բրիտանացի պատմաբան Ռոբերտ Սերվիսը, Պուտինը հիշեցնում է ոչ թե Պետրոս Առաջինին, այլ մեկ այլ ռուս թագավորի՝ Նիկոլայ Առաջինին, որը «ներքաշվեց զինված հակամարտության մեջ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ և մերժեց հիմնարար բարեփոխումների կոչերը, որոնք այդքան անհրաժեշտ էին Ռուսաստանին այն ժամանակվա գերտերությունների հետ մրցակցելու համար»: Պուտինը տարին սկսեց ռուսական «փափուկ ուժի» ցուցադրությամբ Սոչիի ձմեռային Օլիմպիադայում, որի փակման արարողությունը ներկայացնում էր Ռուսաստանը որպես ժամանակակից ու ոչ ագրեսիվ մշակույթի ու սպորտի երկիր: Արդեն հաջորդ օրը նա զորքեր ուղարկեց Ղրիմ, իսկ հիմա Համաշխարհային բանկը Ռուսաստանի համար տնտեսական անկում է կանխատեսում տարեվերջին:
«Արևմտյան երկրները մտադիր չեն երկրորդ Ղրիմի պատերազմը սկսել, սակայն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան պատկերացնում էր Պուտինը: Նրա համար օգտակար կլինի ուսումնասիրել Նիկոլայ Առաջինի նախադեպը»,- խորհուրդ է տալիս Սերվիսը:






