Արևմտյան երկրները, որոնք հայտարարում են Ռուսաստանի հետ շփումները սահմանափակելու անհրաժեշտության մասին Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնի վրա, «տարվել են խաղով» և ցանկանում են գրավել Ուկրաինան՝ ղեկավարվելով սեփական աշխարհաքաղաքական նկրտումներով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երբ ինքդ քեզ այսպիսի վիճակում ես դնում, ապա, անկասկած, նյարդայնացնում է այն, որ ոչինչ չի ստացվում, կամ ստացվում է ոչ այնպես, ինչպես ուզում էիր: Եվ ահա պետք է ինչ-որ բան անել, պահպանելու համար հեղինակությունն ընտրողների մոտ, և այդ ամենը վերածվում է ինչ-ինչ ջանքերի պատժամիջոցների ձևով»,-ասել է նա:
Ըստ նախարարի, Արևմուտքի երկրների արձագանքն ուկրաինական իրադարձություններին ոչ ոքի չի ուրախացնում, առաջին հերթին գործարարներին: Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն ի տարբերություն ԱՄՆ-ի, մտադիր չէ սպառնալ այն երկրներին, որոնք չեն կիսում նրա արտաքին քաղաքական գիծը:
«Մեզ պատմում են այն մեթոդների մասին, որոնք կիրառում են ամերիկացիները տարբեր պետություններում: Դրանք մեր մեթոդները չեն: Մենք շանտաժի չենք դիմելու, չենք սպառնալու, մենք քաղաքավարի մարդիկ ենք»,-ասել է նախարարը: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կրկին խստիվ քննադատության ենթարկեց ՌԴ իշխանություններին Ուկրաինայում իրավիճակը սրելու մեղադրանքով:
Քերին հայտնել է, որ ըստ ԱՄՆ հետախուզության, Ուկրաինայի արևելքում գործում են ռուսական գործակալներ ու զինվորականներ, և սպառնացել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ այն դեպքում, եթե Մոսկվան միջոցներ չձեռնարկի լարվածությունը մեղմելու համար:
«Բոլորի աչքի առաջ Ռուսաստանը շարունակում է ֆինանսավորել, համակարգել ու սատարել զինված անջատողականներին»,-հայտարարել է պետքարտուղարը:
Ի պատասխան Լավրովընշեց, որ դեռևս ուկրաինական իշխանությունները չեն կարողանում ռուսական հատուկ ծառայությունների ներկայության ապացույցներ տրամադրել:
«Ես բազմիցս եմ ասել Քերիին. եթե ուկրաինական ծառայությունները ռուսական գործակալների են ձերբակալել, ապա ի ցույց դրեք ժողովրդին, ցուցադրեք հեռուստատեսությամբ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Կիևի հատուկ գործողությունն Ուկրաինայի արևելքում Լավրովն անվանել է պատժիչ գործողություն: «160 տանկ, հետևակի 250 մարտական մեքենա, այլ ծանր տեխնիկա, ավիացիա՝ կռվում են սեփական ժողովրդի դեմ: Դա արյունալի հանցագործություն է, որի համար, ես վստահ եմ, նրանք դեռ պատասխան են տալու արդարադատության առջև», -ասել է նախարարը, հայտնում է BBC-ին:
Իր հերթին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտադիր է նոր փորձ ձեռնարկել՝ փրկելու համար ժնևյան պայմանավորվածությունը: Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung-ը, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերին ուղղված նամակում պահանջվում է հզորացնել ԵԱՀԿ միջնորդական դերը հակամարտության կարգավորման հարցում: Գերմանացի նախարարը կարևորել է արտագնա խորհրդակցությունները քառյակի ձևաչափով՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան և Ուկրաինա, որոնք հարկավոր է անցկացնել Կիևում, երկրի արևելքում ու արևմուտքում:
Ըստ Շտայնմայերի, ԵԱՀԿ-ն, որի դիտորդական առաքելությունն արդեն աշխատում է Ուկրաինայում, կարող է նաև կլոր սեղաններ կազմակերպել երկու դիմակայող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդպիսով նրանց քաղաքական աջակցություն կցուցաբերվի, կարծում է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Մինչդեռ, Կրամատորսկում կրակ են բացել ուկրաինական Մի-8 ուղղաթիռի վրա, հայտնում է INTERFAX-ը, որի արդյունքում ուղղաթիռը պայթել է:
Ըստ բազմահարկի բնակիչներից մեկի, որի տանիքից բացվել է կրակը, իրենք երեք կրակոց են լսել՝ անմիջապես դրանից հետո զինվորական համազգեստով մարդիկ դուրս եկան մուտքից, բայց դիմակներ չունեին, նստեցին առանց համարանիշերի մեքենաներ ու մեկնեցին:
Այժմ տների բակերում շատ են միլիցիայի համազգեստով մարդիկ ու քաղաքացիական անձիք: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ուկրաինան Ժնևում հայտարարություն ընդունեցին Ուկրաինայում լարվածության նվազեցմանն ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ: «Մենք հավանություն տվեցինք փաստաթղթին: Դա ապրիլի 17-ի ժնևյան հայտարարությունն է, որով մենք համաձայնվել ենք սկզբնական, կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը մեղմացնելու համար», -ասել է նախարար Լավրովը: Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու համար ՌԴ-ն, ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ուկրաինան կոչ են արել զինաթափել ապօրինի կազմավորումները, ազատել հրապարակներն ու փողոցներն ու համաներում հայտարարել:
«Մենք առաջարկում ենք՝ զինաթափել բոլոր ապօրինի զինյալ կազմակերպություններին, բոլոր գրավված շենքերը վերադարձնել օրինական տերերին, ազատել բոլոր գրավված փողոցները, հրապարակներն ու այլ հանրային վայրերը, համաներում հայտարարել բոլոր ցուցարարների համար, բացառությամբ ծանր հանցագործություններ կատարածների», -ասել է Լավրովը:
Ժնևի փաստաթուղթը կոչ է անում անհապաղ երկխոսություն սկսել շրջանների մասնակցությամբ: Սահմանադրական բարեփոխում Ուկրաինայում տեղի կունենա ամեն դեպքում, որով կապահովվեն բոլոր շրջանների բնակիչների իրավունքները: Ըստ Լավրովի, բանակցությունների ամենակարևոր արդյունքը այն է, որ կողմերը ընդունեցին, որ ճգնաժամը պետք է իրենք ուկրաինացիները կարգավորեն: Հայտարարության մեջ առաջիկա ընտրությունների հարցը չի շոշափվում: Մասնակիցները կոչ են արել ԵԱՀԿ-ին աջակցել իրավիճակի կարգավորմանն Ուկրաինայում:
Մինչդեռ VOA News-ը նշում է, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների պայմաններում, որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ ցածր են գնահատում զգալի առաջընթացի հեռանկարները բանակցություններում: Բանակցությունները Ուկրաինայի շուրջ տևեցին յոթ ժամից ավելի: Ռուսաստանը ներկայացնում էր ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ն՝ Ջոն Քերին, ԵՄ-ն՝ Քեթրին Էշթոնը, Ուկրաինան՝ ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան:
Ապրիլի 18-ին Ուկրաինայի իշխանություններն ազգային միասնության կոչ արեցի և խոստացան բավարարել նաև ռուսամետ ուժերի որոշ պահանջներ: Կիևը մտադիր է ապակենտրոնացնել իշխանությունն ու ռուսաց լեզվի կարգավիճակն ապահովել երկրի տարածքում:
Իր հերթին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներով է սպառնացել, եթե Ռուսաստանը չկատարի Ժնևում ստորագրած պարտավորությունները: Ի պատասխան Կրեմլը մեղադրեց Օբամայի վարչակազմին, որ նա վերաբերում է Մոսկվայի հետ ինչպես «զանցանք գործած աշակերտի»:






