AM
15 Մայիս 2014 - 07:37 AMT

Թուրքիայում հանքահորում պայթյունի հետևանքով 274 մարդ է զոհվել․ Սերժ Սարգսյանը ցավակցել է

Թուրքիայի խոշորագույն արհմիությունները մեկօրյա գործադուլ են հայտարարել Սոմա քաղաքի հանքահորում պայթյունի հետևանքով, որը 274 մարդու կյանք է խլել: Զոհերի թիվը շարունակում է աճել, քանի որ տասնյակ հանքափորներ դեռ փլատակների տակ են:

Ըստ արհմիությունների ղեկավարության, լեռնահանքային արդյունաբերության վերջերս տեղի ունեցած սեփականաշնորհումն ավելի վատթարացրեց հանքափորների աշխատանքի պայմաններն ու դարձրեց ավելի վտանգավոր կյանքի համար:

Թուրքիայի հեղափոխական աշխատանքային արհմիությունների համադաշնության ղեկավար Արզու Չերքեզօղլուն կոչ է արել երկրի բնակիչներին սև հագուստ հագնել ու երթով գնալ դեպի աշխատանքի նախարարություն: «Սոմայում զանգվածային սպանությունների մեջ մեղավոր են նրանք, ովքեր որդեգրել են սեփականաշնորհման քաղաքականությունը, ով վտանգել է բանվորների կյանքը` կրճատելով ծախսերն ավելի մեծ շահույթ ստանալու համար: Նրանք պետք է պատասխան տան կատարվածի համար»,-ասվում է մեկ այլ կազմակերպության՝ Պետծառայողների արհմիության հայտարարության մեջ, հայտնում է ВВС-ին:

Փրկարարները շարունակում են նրանց որոնումները, ով դեռ, հնարավոր է, հանքահորերում է մնացել՝ անհայտ կորած է համարվում մոտ 100 մարդ: Սակայն, ըստ փրկարարների, ժամանակն աշխատում է նրանց դեմ. փլատակների միջով անցնելը շատ դժվար է, իսկ հանքահորում հրդեհ է բռնկվել:

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Խորհրդարանի ընդդիմադիր ուժերը հիշեցրել են կառավարությանը, որ վերջերս մերժվեց երկրի հանքահորերում դժբախտ պատահարների հետաքննության համար խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Անկարայում և Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել հարյուրավոր մարդկանց ցրելու համար, որոնք փողոց են դուրս եկել հանքահորում ողբերգության վերաբերյալ իրենց վրդովմունքն արտահայտելու համար:

Ստամբուլում ցուցարարները հավաքվել են Թաքսիմ հրապարակում, ինչպես նաև` այն շենքի առջև, որտեղ գտնվում է ընկերության կենտրոնակայանը, որին պատկանում է Սոմայի հանքը:

Անկարայում մոտ 800 մարդ երթով շարժվել է համալսարանից դեպի էներգետիկայի նախարարություն: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը: Սոմայի բնակիչները փորձել են քարեր նետել վարչապետ Էրդողնի շքախմբի մեքենաների վրա: Էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ պայթյունի պատճառը կարճ միացումն է եղել: Պայթյունի պահին հանքահորում 787 մարդ է եղել: Soma Komur Isletmeleri ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ վթարի պատճառների քննությունն արդեն սկսվել է: Ըստ նրանց, դժբախտ պատահարը տեղի է ունեցել, չնայած «անվտանգության ամենախիստ միջոցներին» հորում: Այս պահի դրությամբ, հիմնական խնդիրը փլատակների տակ մնացած հանքափորներին վեր հանելն է:

Քննություն է սկսել նաև գլխավոր դատախազությունը, սակայն, գլխավոր դատախազը հայտարարել է, որ շատերը, ում քննիչները կցանկանային ձերբակալել կամ հարցաքննել, զոհվել են:

Անվտանգության ցուցանիշները Թուրքիայի հանքահորերում զգալիորեն ցածր են զարգացած երկների ցուցանիշներից: Ամենախոշոր պայթյունը Թուրքիայի հանքահորում տեղի է ունեցել 1992 թվականին Զոնգուլդակ սևծովյան նավահանգստից ոչ հեռու: Այն ժամանակ զոհվեց 263 մարդ: Ըստ պետական վիճակագրական ծառայության, 1941 թվականից ի վեր հանքահորերում վթարների հետևանքով Թուրքիայում մոտ 3 հազար մարդ է զոհվել և մոտ 100 հազարն էլ վնասվածքներ ստացել:

Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության, Թուրքիան առաջին տեղում է Եվրոպայում և երրորդն աշխարհում արտադրության մեջ մահվան ելքով դժբախտ պատահարների քանակով: Ըստ վիճակագրության, ամեն տարի այդ պատճառով Թուրքիայում մահանում է 100 հազար աշխատավորներից 18-ը, ինչը 7 անգամ ավելի է, քան Եվրոպայի երկրներում:

Թուրքիայի քաղաքական գործիչները նախկինում բազմիցս են հայտարարել, որ դժբախտ պատահարները հանքարդյունաբերության մեջ անխուսափելի են: «Մահը հանքափորի ճակատագիրն է»,-հայտարարել է վարչապետ Էրդողանը 2010 թվականին, երբ հերթական պայթյունի հետևանքով Զոնգուլդակում 30 հանքափոր մահացավ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:

Հանրապետության նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: