AM
17 Մայիս 2014 - 06:53 AMT

Գերմանիայի նախկին կանցլերը եվրահանձնակատարներին մեղադրել է անիրավասության մեջ

Գերմանիայի կառավարության նախկին ղեկավար Հելմուտ Շմիդտը Bild թերթին տված հարցազրույցում քննադատաբար է արտահայտվել Եվրամիության քաղաքականության մասին: Ըստ նրա, Բրյուսելն ակտիվորեն միջամտում է համաշխարհային քաղաքականությանը, չնայած, որ «եվրահանձնակատարների մեծ մասը շատ թույլ պատկերացում ունի դրա մասին», հայտնում է dpa գործակալությունը:

Վերջին օրինակն, ըստ քաղաքական գործչի, Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր կնքելու Եվրահանձնաժողովի մտադրությունն է: «Նրանք Ուկրաինային դնում են Արևելքի ու Արևմուտքի միջև կասկածելի ընտրության առջև»,-գտնում է Շմիդտը: Նա նաև դատապարտել է նախապատրաստվող ասոցացումը Վրաստանի հետ: «Եթե ինչ-որ մեկը մոռացել է, Վրաստանը Եվրոպայի սահմաններից դուրս է: Սա մեծության մանիա է, այնտեղ մենք բան չունենք որոնելու»,-ասել է քաղաքական գործիչը:

Նախկին կանցլերը սատարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիրքորոշմանը, որը պնդում է, որ Ժնևում նոր բանակցություններ անցկացվեն Ուկրաինայի ճգնաժամի շուրջ: Ըստ Շմիդտի, նման հանդիպումն անհրաժեշտ է:

Մինչդեռ, Եվրամիության էներգետիկայի գծով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպմանը քննարկել է ուկրաինական ճգնաժամաը, անվտանգության խնդիրն ու ռուսական գազի առաքումները: Էթինգերը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան շուտով համաձայնության կգան գազի հարցում: «Մենք աշխատում ենք լուծում գտնելու ուղղությամբ, ես համեմատաբար լավատեսորեն եմ տրամադրված, որ մոտ 10-14 օրից մեզ կհաջողվի գտնել բոլոր բաց մնացած հարցերի պատասխանները»,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Ուկրաինան հրաժարվում է վճարել ռուսական գազի դիմաց նոր գնով՝ 485 դոլար հազար խմ համար: «Մենք բանակցում ենք հազար խորանարդ մետրի արժեքի շուրջ»,-ասել է Էթինգերը:

Եվրահանձնակատարը նաև իր դիրքորոշումն է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: «Ճգնաժամի պատճառով մենք ԵՄ-ում քննարկում ենք ՌԴ դեմ հնարավոր պատժամիջոցները: Բայց, ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին ու հատկապես գազի առաքումներին, պատժամիջոցներն այստեղ անտեղի են»,-ասել է նա՝ հավելելով, որ գազի առաքումների օգտագործումը որպես զենք անընդունելի է: Նա նշել է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ գազի առաքումներն Ուկրաինա, Մոլդովա ու բալկանյան երկրներ կապահովվեն: Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մայիսի 26-ին, որին կմասնակցեն Ուկրաինայի, ՌԴ ու ԵՄ ներկայացուցիչները, գրում է Deutsche Welle-ն: