Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է քարոզարշավ անցկացնել Գերմանիայում օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ: Այդ նպատակով նա մտադիր է հանդիպում ունենալ Քյոլնում մայիսի 24-ին, գրում է Slate-ը Der Spiegel-ի վրա հղումով:
Զարմանալի չէ, որ այցի մասին հայտարարությունը վրդովմունքի ալիք առաջացրեց գերմանական քաղաքական շրջանակներում եվրոպական ընտրությունների շեմին: Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ պահանջել են չեղյալ հայտարարել մայիսի 24-ի միջոցառումը: Գերմանիայում իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև ընդդիմադիր «կանաչները» մեղադրել են Էրդողանին Գերմանիայում ընտրողների ձայների համար պայքարելու մտադրության մեջ, որոնք դժգոհ են թուրքական իշխանությունների արձագանքից Սոմայի հանքահորում տեղի ունեցած աղետին:
Հանքահորում վթարի ու հրդեհի ֆոնի վրա թուրք վարչապետի ելույթը Գերմանիայում «միանգամայն սխալ ազդակ» կլինի, հայտարարել է Բունդեսթագի ներքին գործերի հանձնախմբի ղեկավար Վոլֆգանգ Բոսբախը Bild թերթին տված հարցազրույցում: Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի ինտեգրման նախարար, սոցիալ դեմոկրատ Գունտրամ Շնայդերը վստահ է, որ Էրդողանը «չարաշահում է Գերմանիայի հյուրասիրությունը»:
«Կանաչների» համանախագահ Ջեմ Օզդեմիրը նշել է, որ Սոմայի ողբերգությանը թուրք վարչապետի արձագանքից հետո շատ թուրքերի վիշտը վերածվեց ցասումի: Իսկ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության գծով փորձագետ Դիտմար Նիտանը վստահ է, որ էրդողանի գործողությունները ողբերգությունից հետո պետք է առիթ հանդիսանան Թուրքիայի հանդեպ Բեռլինի վերաբերմունքի փոփոխման համար: Գերմանիան պետք է առավել ակտիվ հանդես գա ժողովրդավարության ու քաղաքացիական հանրության օգտին Թուրքիայում, ասել է նա: Թուրքական իշխանությունների հասցեին հնչած քննադատությունը հաջորդեց մասնավորապես, ոստիկանության դաժան արձագանքին Սոմայի ցուցարարների գործողություններին: Բացի այդ, Էրդողանին մեղադրեցին ողբերգության վայրում անպատեհ վարքագծի համար: Օգոստոսի 10-ին կայանալիք ընտրություններին առաջին անգամ կկարողանան մասնակցել արտերկրում բնակվող թուրքերը: Բոլոր քաղաքական կուսակցությունները միաձայն դեմ են Էրդողանի այցին: Թեև Էրդողանը ձևականորեն չի ձևակերպել իր մասնակցությունն ընտրություններին, սակայն արդեն քարոզարշավ է տանում ու ակնհայտորեն հուսով է, որ թուրքական համայնքը կսատարի իրեն: Գերմանիան, որտեղ մոտ 1,5 մլն թուրք ընտրող է ապրում արտերկրում բնակվող 2,6 մլն թուրքերի ընդհանուր թվից, կարևոր հանգրվան է նրա շրջագայության շրջանակում: Էրդողանը մտադիր է այցելել նաև Ֆրանսիա ու Նիդերլանդներ:
Քյոլնի քաղաքապետ Յուրգեն Ռոտերսը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից անուղղակիորեն խորհուրդ է տվել Էրդողանին հրաժարվել այցից. «Ինչ վերաբերում է ինձ, ապա որպես քաղաքական գործիչ, պետք է ասեմ, որ այդպիսի որոշումը կասկածներ չի առաջացնի, հաշվի առնելով ողբերգական իրադարձությունները Սոմայում, որից հետո այդքան մեռյալներ մնացին ու որը դեռ պարզաբանումների կարիք ունի: Այսօր ավելի կարևոր բաներ կան, քան զուտ նախընտրական արշավի հետ կապված այցերը»:
Քրիստոնյա-դեմոկրատական միության Բավարիայի բաժանմունքի ղեկավարությունը կոչ է անում չեղյալ հայտարարել էրդողանի այցը, իսկ Բունդեսթագում «կանաչների» խմբակցության նախագահի տեղակալ Կլաուդիա Ռոտը պահանջել է թուրք վարչապետից ներողություն խնդրել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկից, որին Էրդողանը «մեղադրեց «վանահոր» պես խոսելու մեջ, երբ Գաուկը դատապարտեց թուրք իշխանությունների մերժողական վերաբերմունքը մտքի ազատության դեմ, երբ Էրդողանն արգելեց Twitter-ը Թուրքիայում:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, Գերմանիայի կառավարությունը թեև շատ զուսպ, սակայն, այնուամենայնիվ, զգուշացնում է Թուրքիայի վարաչպետին՝ ակնկալելով, որ վերջինս «պատասխանատվություն ու զգայունություն կցուցաբերի» հանդիպման ժամանակ: Իր հերթին Քյոլնի ոստիկանությունը պատրաստվում է խոշոր իրադարձությանը: Ինչպես ակնկալվում է, քաղաքի փողոցներ դուրս կգան մոտ 10 հազար ցուցարարներ, այդ թվում ալևիների կազմակերպությունները:
Սոմա քաղաքի հանքահորում պայթյունի հետևանքով 274 մարդ զոհվեց: Պայթյունի պահին հանքահորում 787 մարդ է եղել: Soma Komur Isletmeleri ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ վթարի պատճառների քննությունն արդեն սկսվել է: Ըստ նրանց, դժբախտ պատահարը տեղի է ունեցել, չնայած «անվտանգության ամենախիստ միջոցներին» հորում: Ըստ արհմիությունների ղեկավարության, լեռնահանքային արդյունաբերության վերջերս տեղի ունեցած սեփականաշնորհումն ավելի վատթարացրեց հանքափորների աշխատանքի պայմաններն ու դարձրեց ավելի վտանգավոր կյանքի համար:
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության, Թուրքիան առաջին տեղում է Եվրոպայում և երրորդն աշխարհում արտադրության մեջ մահվան ելքով դժբախտ պատահարների քանակով: Ըստ վիճակագրության, ամեն տարի այդ պատճառով Թուրքիայում մահանում է 100 հազար աշխատավորներից 18-ը, ինչը 7 անգամ ավելի է, քան Եվրոպայի երկրներում:
Գերմանիայում բնակչության մոտ 4 տոկոսը մահմեդական է, իսլամը հավատավորների քանակով զիջում է միայն քրիստոնյաներին, որոնց հետևորդների թիվը մոտ 30 տոկոս է: Ըստ ԳԴՀ ներքին գործերի նախարարության Գերմանիայում 3,2-3,5 մլն մահմեդական է ապրում:






