Ստամբուլի դատախազը պահանջել է 32 ամսով կալանավորել թուրք հրապարակախոս Էրոլ Օզքորային, որին մեղադրում են վարչապետ Էրդողանին վիրավորելու մեջ: Հրապարակախոսը «Գեզիի ֆենոմենը» գրքի հեղինակն է, որտեղ նա մեջբերել է Էրդողանի դեմ ուղղված կարգախոսները: Դատավարությունը սկսվելու է մայիսի 22-ին: Դատական հետապնդումը հիմնված է Թուրքիայի ՔՕ 125 հոդվածի վրա: Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 53 հոդվածով նա զրկվելու է ընտրվելու և ընտրելու իրավունքից: Դատական նիստին ներկա կլինեն PEN Club և մարդու իրավունքների ոլորտում աշխատող այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գրում է Nouvelles d’Armenie-ին:
Ինքը հրապարակախոսը դատախազի մեղադրանքներն «անհեթեթ» է համարել: «Մենք հավաքել ենք այս կարգախոսները, որպեսզի մարդիկ հիշեն Գեզիի իրադարձությունների մասին: Մեկ ամիս տևեց մինչև մենք հավաքեցինք պատերին եղած բոլոր գրառումները: Պրոֆեսոր Բասկին Օրանը շնորհավորեց մեզ այդ աշխատանքի կապակցությամբ: Դա կառավարության դեմ բողոքի ձև էր: Գրանցման հիմնական նպատակը այդ ամենն արխիվացնելն էր. Դա չի նշանակում, որ դուք համաձայն եք այն ամենին, ինչ գրված է: Փաստաբանը ինձ անվանեց բոլոր այդ անանուն կարգախոսների ու գրաֆիտիների հեղինակը, որոնք իրականում միլիոնավոր մարդիկ են թողել: Այդ դատական սխալն իսլամական կառավարության վրեժի բնազդով է արվել: Իմ գրքում վիրավորանքներ չկան, դա գիտական ու լրագրողական աշխատանքի արդյունք է: Բացի այդ, ազատազրկելու ու քաղաքական իրավունքներից ինձ զրկելու պահանջներն այնքան էլ կարևոր չեն, կարևորը «ֆաշիստական վերաբերմունքն է մտքերի ազատ արտահայտմանը»,-ասել է Օզքորայը:
2014 թվականին Օզքորայը մրցանակի արժանացավ խոսքի ու մտքի ազատության համար՝ Prix 2014 de la Liberté de Penser et d’Expression:
Բողոքի ցույցերը Թուրքիայում անցնում էին 2013 թ. մայիսից սկսած, երբ կառավարությունը մտադիր էր քանդել Գեզի զբոսայգին տեղում առևտրի կենտրոն կառուցելու նպատակով: Ամառային բողոքի ակցիաների ժամանակ 5 մարդ զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին ու ձերբակալվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ էր օգտագործում:
Անցած շաբաթ Թուրքիայում բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան Սոմայի հանքահորում տեղի ունեցած վթարից 301 մարդու մահվան կապակցությամբ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ, մահակներ ու ռետինե փամփուշտներ է կիրառել, տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են:






