AM
29 Մայիս 2014 - 06:58 AMT

Եգիպտոսի նախագահ է ընտրվել Աբդել Ֆաթթահ աս Սիսին

Ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս Սիսին համոզիչ հաղթանակ է տարել Եգիպտոսի նախագահական ընտրություններում: Ըստ նախնական տվյալների, որոնք հայտնի դարձան մայիսի 29-ի առավոտյան, նա հավաքել է ձայների 93,3 տոկոսը: Նրա միակ մրցակից, սոցիալիստ Համդին Սաբահին ստացել է ձայների 3,0 տոկոսը: Քվեաթերթիկների 3,7 տոկոսը ճանաչվել է անվավեր: Մասնակցությունը կազմել է 44,4 տոկոս, ինչը 2012 թ. Մուրսիի օգտին ավարտված քվեարկության ցուցանիշից շատ ավելի ցածր է: Այն ժամանակ մասնակցությունը հասավ 52 տոկոսի: Ընդամենը Եգիպտոսում ընտրելու իրավունք ունի մոտ 54 մլն մարդ, գրում է Reuters-ը:

Երբ հայտնի դարձան արդյունքները, Կահիրեում ցնծություն տիրեց: Աս Սիսիի կողմնակիցները դուրս եկան փողոց ազգային դրոշներով, ավտոմեքենավարները իրենց ուրախությունը հայտնում էին ազդանշաններով: Հանդիսությունները տևեցին մինչև առավոտ:

«Արաբական գարնան» իրադարձություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց Մուհամմեդ Մուրսին և իշխանության եկան իսլամիստներն ի դեմս «Մահմեդական եղբայրների», Աս Սիսիի հետ մեծ հույսեր են կապում:

Աբդել Ֆաթահ Սաիդ Հուսեյն Հալիլ աս Սիսին վարչապետի նախկին առաջին տեղակալն է, պաշտպանության ու ռազմարդյունաբերության նախկին նախարարը: Նա ավարտել է Եգիպտոսի ռազմական ակադեմիան, Եգիպտոսի Հրամանատարաշտաբային քոլեջը, ռազմական ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում ու Փենսիլվանիայի Բարձրագույն բանակային ռազմական քոլեջում: 1977 թվականից սպայի կոչումով ծառայել է Եգիպտոսի բանակում, զբաղեցրել է ռազմական կցորդի պաշտոնը Սաուդյան Արաբիայում: 2008 թվականից եղել է Հյուսիսային ռազմական շրջանի շտաբի պետը: 2011 թվականի փետրվարից ԶՈւ Բարձրագույն խորհրդի անդամ է: 2012 թվականի օգոստոսի 12-ին գեներալի կոչումով նշանակվել է ԶՈւ Գերագույն խորհրդի նախագահ: 2013 թ. հունիս-հուլիսին առանցքային դերակատարություն է ունեցել նախագահ Մուրսիի պաշտոնանկության գործում: 2013 թ. հոկտեմբերին Եգիպտոսում ստորագրահավաք սկսվեց Սիսիին նախագահի պաշտոնում նշանակելու օգտին: Հավաքվեց մոտ 4 մլն ստորագրություն: 2014 թ. հունվարի 27-ին ժամանակավոր նախագահի հրամանագրով Աս Սիսիին շնորհվեց ֆելդմարշալի կոչում՝ Եգիպտոսի բանակի բարձրագույն զինվորական կոչումը:

2014 թ. մարտի 26-ին նա հրաժարական տվեց բոլոր պաշտոններից ու զորացրվեց բանակից: 2014 թվականի մարտի 27-ին ազգին իր ուղերձում հայտարարեց, որ առաջադրվելու է նախագահի պաշտոնում: Իր քարոզարշավի խորհրդանիշ Սիսին ընտրեց աստղը: Նրա գերակայություններն են կայունության ու անվտանգության ապահովումը, ելքը տնտեսական ճգնաժամից:

Հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին:

Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից ոչ ավելի:Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա: Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն:

Ապրիլին դատարանը մահապատժի դատապարտեց «Մահմեդական եղբայրների» գերագույն առաջնորդ Մոհամմեդ Բադիային և ևս 682 կողմնակիցներին: Բադիայի դատավճիռը կայացվեց հեռակա կարգով, քանի որ նա փախուստի մեջ է:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ: