AM
29 Մայիս 2014 - 18:36 AMT

Հանրային քննարկումներն ավարտվել են. Սահմանադրական բարեփոխումների փաթեթը նախագահին կներկայացվի հուլիսի 1-ին

Մայիսի 29-ին «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկման» եզրափակիչ օրն էր: Քննարկումները ծավալվել են դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային մոտեցումների շուրջ: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշել է առնվազն երեք պատճառ՝ հասարակական հարաբերությունները, կիրառության փորձը, գործող սահմանադրության արդունավետությունն ու արտաքին գործոնները, որոնց հիման վրա պետք է կատարել սահմանադրական բարեփոխումներ: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ քննարկումների շրջանակում առաջարկվում է դատական երկաստիճան համակարգ ներկայումս գործող եռաստիճան համակարգի փոխարեն: Հանձնաժողովում տեսակետ է հնչել, որ երկաստիճան համակարգը կարող է արդյունավետ լինել, այդ պատճառով էլ այն առաջարկվել է մասնագիտական լսարանների քննարկման առարկա դարձնել:

Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որը հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում: Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության նախագահին:

Հայեցակարգի նախագիծը 45 էջանոց փաստաթուղթ է, որով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը, ՏԻՄ մարմիններն ընդհանրապես չեն դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքների հակասահմանադրականության վերաբերյալ: Այդ հարցով դիմել են միայն դատարաններն ու քաղաքացիները: Գագիկ Ղազինյանը շեշտել է Վճռաբեկ դատարանի տեղն ու դերը, լիազորությունները հստակ սահմանելու կարևորությունը և նշել. «Տարեկան մոտ քսան հազար քրեական գործերից ընդամենը երեք-չորս հազարն են, որ դատարանները քննում են: Ծայրահեղ հետ իրավիճակում ենք հայտնվել, դատավորը, որ կարող է հետագայում առնչվել այս գործին, չի կարող դատական վերահսկողություն իրականացնել: Ստեղծված դատական համակարգում հաճախ դատավորները քրեական գործերը քննում են իրենց քաղաքացիական գործերը քննելու ընդմիջումներին, կամ ազատ ժամանակ»:

Գագիկ Հարությունյանը նշել է նաև, թե քաղաքացիական հասարակությունում այլ որակների ենք արդեն հանդիպում՝ «մինչև անգամ ընտանիքներում են հակասություններ առաջանում քաղաքական կողմնորոշումների հարցում»: Այնուհետև նշել, թե «մեր նպատակն է այն, որ դատական իշխանության համակարգը, նրա ֆունկցիան լինի ոչ թե իշխանության սպասարկելը, այլ պետաիշխանական գործառույթ իրականացնի, կարողանա հակակշռող դերակատարություն իրականացնել և դառնա արդարադատության երաշխավոր»,- գրում է «Առավոտը»:

Դատական իշխանության արդյունավետությունն ապահովելու համար, ըստ Ղազինյանի, կարևորագույն դեր պետք է ունենա Արդարադատության խորհուրդը (ԱԽ), որն էլ իր հերթին պետք է լինի անկախ` դատական իշխանության անկախությունը ապահովելու համար:

«Պետք է լինի անկախ իշխանության մյուս ճյուղերից, ինչպես նաև ունենա ներքին անկախություն, որպեսզի կարողանա ապահովել դատական իշխանության անկախությունը»,-հայտարարել է Ղազինյանը` նկատելով, որ ներկայիս Արդարադատության խորհրդի նման ձևավորումը կարծես լավ չի աշխատում, գրում է Panorama.am-ը:

Ներկայումս Արդարադատության խորհուրդը կազմված է 9 դատավորներից և 4 իրավաբան գիտնականներից: Ի դեպ, Ղազինյանը ԱԽ անդամ է:

«Անկախ նրանից, դատավորն ինչքան էլ փորձի լինել չեզոք, լինել առաջին հերթին քաղաքացի և այլն, գործող դատավորը երբեք չի կարող վեր կանգնել իր ընկերային կաշկանդավծությունից մյուս գործընկերների նկատմամբ», -հայտարարել է Ղազինյանը: Նրա խոսքով, ԱԽ կազմում գործող դատավորները կամ պետք է կասեցնեն իրենց զուգահեռ դատավորական կարգավիճակը կամ էլ ԱԽ կազմում պետք է ներգրավվեն այլ սուբյեկտներ, մանսավորապս, թոշակի անցած փորձառու և որակյալ դատավորներ: Այս առումով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ու դատարանների նախագահների խորհդի, Արդարադատության խորհրդի հետ քննարկումներ ծավալվում են, ինչի արդյունքում կձևավոչվի միասնական առաջարկ:

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկման առաջին օրը` մայիսի 20-ին, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի» ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանի հարցին, թե քննարկվել է արդյոք նոր Սահմանադրություն ընդունելու հարցը, քանի որ 1995 թվականին ընդունված Սահմանադրության վրա բիծ կա, և այն ընդունելի չէ հանրության կողմից, ասել է. «Մեզանում այսօր սահմանադրական զարգացումները մտել են փակուղի, քանի որ վեց հիմնական խողովակներից, որոնցով կարող են սահմանադրական զարգացումներ տեղի ունենալ, չորսը փակված են, կամ՝ գրեթե փակված են»:

«Այո՛, հարցը քննարկման առարկա եղել է, բայց մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանում ավելի շատ պետք է շեշտը դնել սահմանադրական զարգացումների վրա, ոչ թե նոր Սահմանադրության՝ առավելապես հաշվի առնելով, որ մեր Սահմանադրությունն ունի չփոփոխվող հոդվածներ, որոնք իրենց սահմանադրաիրավական ուժը, բնույթը որևէ կասկածի տակ չեն դնում և չափազանց կարևոր են: Բայց կա մի ուրիշ խնդիր. երկրների մեծ մասում սահմանադրական զարգացումներն իրականացվում են մի շարք խողովակներով»,-նշել է Գագիկ Հարությունյանը՝ շարունակելով, թե քանի որ արդեն նշեց, որ խողովակների մի մասը փակ է, մնում է երկու խողովակ՝ նոր Սահմանադրության ընդունում և սահմանադրական փոփոխություններ, լրացումներ:

«Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվում է որոշակի խնդիր իրականացնելու համար. նախաձեռնող սուբյեկտը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ կամ բարեփոխումներ, և բնականաբար, այդ բարեփոխումների շրջանակում մենք տալիս ենք մասնագիտացած կարծիք: Նոր Սահմանադրության ընդունումը ենթադրում է իրավաքաղաքական բոլորովին այլ իրադրություն, և դա ավելի հեղափոխական մոտեցում է»,-հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ հուլիսի 1-ին արդեն հանձնաժողովը Սահմանադրական բարեփոխումների լրամշակված փաթեթը պետք է ներկայացնի երկրի նախագահին, և եթե այն հավանության արժանանա, արդեն կսկսվեն կոնկրետ փոփոխությունների աշխատանքները, գրում է Tert.am-ը:

«Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին առնչվող սահմանադրական լուծումները» թեմայով քննարկմանը Գագիկ Հարությունյանը նշել է. «Մենք չենք կարողացել եվրոպական ու միջազգային սահմանադրական զարգացումների այսօրվա տրամաբանությանը համապատասխան հստակեցում մտցնել մարդու իրավունքների հարցում: Մեր Սահմանադրության մեջ մարդու իրավունքները ներառված են հախուռն, ընդհանուր ձևով, թերի լուծումները գործնականում հանգեցնում են իրավունքների ոտնահարման տարաբնույթ դրսևորումների»:

Մայիսի 21-ին ԱԺ-ում, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբը, երկրի նախագահը դեռևս իրենց տեսակետը չեն հայտնել. «Մենք էլ փորձելու ենք այդ բարեփոխումները քննարկել բոլոր քաղաքական ուժերի հետ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշելու, ինչպիսի դիրքորոշում հայտնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, մենք որևէ մեկին չենք պարտադրելու»:

Մայիսի 21-ին շարունակվել են դեռ նախօրեին սկսած Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի թեմայով հանրային քննարկումները: Քննարկվել է «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրական լուծումներում» թեման:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, զեկուցող Վարդան Պողոսյանն իր խոսքում ասել է, թե անհնար է 1995 թվականի Սահմանադրությամբ լրջորեն խոսել ժողովրդավարության մասին: «2005 թվականին փոփոխությունների ընթացքում էլ կառավարման համակարգը չփոխվեց, տեղի ունեցան մոդիֆիկացիաներ: Ի տարբերություն 1995 թվականի տեքստի, ՀՀ նախագահն այլևս հնարավորություն չունեցավ ազատելու վարչապետին, ԱԺ-ին լուծարելու հնարավորությունից ևս զրկվեց»,- ասել է Վարդան Պողոսյանը:

Շարունակելով իր խոսքը՝ Վարդան Պողոսյանն ասել է, թե տարիների ընթացքում քաղաքական պրակտիկան ցույց տվեց, որ ոչ մի տարբերություն չկա նախորդ և ներկա տեքստերի միջև. «Կա իշխանության գերկենտրոնացում, մոնոպոլիզացիա: Պետք է պետությունը չլինի դոմինանտ մարդու նկատմամբ, և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները պահպանվեն»,:

Սահմանադրական բարեփոխումների Փաստաթղթի հեղինակները, նկատի ունենալով, որ միջազգային պրակտիկայում առկա են խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրողություններից ելնելով առաջարկվում են հետևյալ մոտեցումները`

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։

2. Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխա նատու է միայն Ազգային ժողովի առջև: Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։

1995թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն էական դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, ճգնաժամային իրավիճակներում սահմանադրական ճանապարհով լուծումներ գտնելու, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներ ապահովելու գործում:

Հայաստանի Հանրապետությունում 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում իրականացված սահմանադրական բարեփոխումները համակարգային լուծումների առումով առաջընթաց գրանցելով հանդերձ, բովանդակեցին նաև մի շարք կիսալուծումներ, որոնք ներկայումս հաղթահարելու և համակարգային մոտեցումներն ամբողջականացնելու անհրաժեշտություն ունեն: ՀՀ ԿԸՀ արձանագրության` քվեարկությանը մասնակցել է (ըստ ստորագրությունների քանակի) 1 513 541 մարդ: Անվավեր է ճանաչվել 20 360 քվեաթերթիկ, մարվել է 849 525 քվեաթերթիկ: Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել 1 411 791 ընտրող, դեմ` 82 459 ընտրող: Անճշտությունների քանակը կազմել է 1 080: ԿԸՀ արձանագրությունը ստորագրել են նիստին ներկա Հանձնաժողովի 8 անդամներից 7-ը: