1996 թվականից հետո առաջին անգամ պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Ինչպես հայտնում է Iran.ru-ն, Իրանի նախագահին հրավիրել էր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլը: Ռոուհանին այցի ընթացքում հանդիպել է Գյուլի, ինչպես նաև թուրք վարչապետ Էրդողանի հետ:
Կողմերը քննարկել են Իրանի ու Թուրքիայի գործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ: Ռոուհանիի հետ Թուրքիայում են գտնվում նաև Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգարն ու մշակույթի նախարար Ալի Ջանաթին: Իրանի պատվիրակությունը կմասնակցի նաև Ռազմավարական գործակցության կոմիտեի նիստին, որը հիմնվեց Թեհրան Էրդողանի վերջին այցի ժամանակ: Հասան Ռոուհանին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարաբերություններն Անկարայի հետ առաջնային են վարչակազմի համար այս պահին: Ըստ Գյուլի, Թեհրանի ու Անկարայի գործակցությունը նպաստում է ամբողջ Մերձավոր Արևելքի զարգացմանը: Ըստ Թուրքիայի նախագահի, Ռոուհանիի այցը Թուրքիա կծառայի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:
Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայի հարցում, Իրանի ու Թուրքիայի քաղաքականության ընդհանրությունների որոնման մասին խոսեց թուրք վարչապետը: «Իրանը ձգտում է հաղթահարել մեր տարաձայնությունները, և ինչը կարևոր է, դա փոխադարձ է: Կարծում եմ, ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի, մեզ հսյական փոփոխություններ են սպասում, և հատկապես, եթե մենք հասնենք դրված խնդիրներին համատեղ»: Հավանական է նաև նոր առևտրային համաձայնագրերի կնքում որպես այլընտրանք Արևմուտքի պատժամիջոցներին Իրանի դեմ: Նախագահ Ռոուհանին նշել է, որ երկու երկրների առջև ծառացած խնդիրներն ընդհանուր են. «Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքը ոչ միայն լինի միջուկային զենքից զերծ գոտի: Մեր խնդիրն է տարածաշրջանի բոլոր ժողովրդներին հնարավորություն տալ օգտվել խաղաղ ատոմից», հայտնում է euronews-ը:
Այցի ժամանակ Ռոուհանին հրաժարվել է այցելել Աթաթուրքի դամբարան, ուստի այդ մասը հանվել է արարողակարգից:






