AM
16 June 2014 - 12:16 AMT

Դեսպան. Մեր նպատակն է` Լիտվայի բիզնեսը գա Հայաստան

Հայաստանի ու Լիտվայի գործակցությունը պետք է նոր որակ ստանա: Այդ մասին հունիսի 16-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ դիվանագետը վստահություն է հայտնել, որ գործակցության զարգացման լավ ներուժ կա: «Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո հանդիպեցի բոլոր նորանշանակ նախարարներին, քննարկվեցինք գլխավոր հարցը՝ ինչ կարելի է անել կոնկրետ ոլորտում»,- ասել է նա՝ նշելով, որ տնտեսական գործակցությունն առաջնային է մնում:

Անդրադառնալով 2013-ի նոյեմբերին Լիտվայի էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարարի հանդիպմանը՝ դեսպանը հիշեցրել է` Լիտվայի ու Հայաստանի միջև միջկառավարական հանձնաժողով ստեղծելով, որոշվել է առաջին քայլերը ձեռնարկել երկու երկրների տնտեսական հարաբերությունները բարելավելու համար:

«Այդ հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, բայց վստահ եմ, որ դա գործնական քայլ է, որն ուղղված է հայ-լիտվական հարաբերությունների ամրապնդմանը: Չնայած բալթյան երկրների միակ դեսպանությունն ենք Հայաստանում, մեր հիմնական առաքելությունն այն է, որ Լիտվայի բիզնեսը գա Հայաստան: Այդ հարցը քննարկել ենք և նախագահի, և վարչապետի, և քաղաքական կուսակցությունների հետ»,- հավելել է դեսպանը:

Ըստ նրա, տնտեսական հարաբերությունները պետք է զարգանան ու նոր մակարդակի վրա դուրս գան, հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը Լիտվայի հետ լավ պատմական կապեր ունի:

Խոսելով վերջին տարում ապրանքաշրջանառության մասին՝ դեսպանը հայտարարել է, որ ապրանքների վաճառքի ծավալը 2013-ին աճել է միջինը 20 տոկոսով: «Կարծում եմ, սա լավ ցուցանիշ է, բայց մեզ չի գոհացնում, ուստի, կանենք հնարավորը, որպեսզի այն աճի»,- նշել է Պետրիկասը, հայտնում է Armenia Today-ը:

Դիվանագետը նաև հավելել է, որ Լիտվայի ու ԵՄ համար Հայաստանը գերակա է մնում: Ըստ նրա, անդամակցելով ՄՄ-ին, Հայաստանը յուրահատուկ կամուրջ կդառնա, որի միջոցով ԵՄ-ն կկարողանա շարունակել գործակցությունը մեր երկրի հետ:

«Վիլնյուսի հռչակագիրը գործնականում ճանապարհ բացեց Հայաստանի ու ԵՄ գործակցության համար: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նամակներ փոխանակեցին՝ ամրագրելով այն, ինչին Հայաստանը հասավ Եվրամիության հետ բանակցությունների 3,5 տարում»,- ասել է դեսպանը:

Ըստ նրա, չնայած Հայաստանն ուշ սկսեց, բայց հսկայական աշխատանք կատարեց՝ հասնելով և առաջ անցնելով մյուսներից: «Լիտվայի ու Եվրամիության համար առաջնային է գործակցությունն արևելյան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Ուղղակի ԵՄ-ն կորոնի գործակցության կոնկրետ այն ոլորտները, որոնք չեն խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը»,- եզրափակել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանը:

Լիտվացի դիվանագետը նշել է նաև, որ Ուկրաինայում իրադարձություններից հետո անվտանգության հարցն առաջնային է դարձել Լիտվայի համար: «Ղրիմի բռնակցումից հետո հասկացանք, որ հարկավոր է կենտրոնանալ անվտանգության հարցի վրա, ուստի բոլոր իշխող ու ընդդիմադիր կուսակցությունները քաղաքական կամք դրսևորեցին ու ստորագրեցին ֆինանսավորման մասին պայմանագիրը, որպեսզի մինչև 2020-ը մեր ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացվի պաշտպանության ոլորտին, քանի որ անվտանգության հարցը գերակա է դառնում Լիտվայի համար»,- ասել է դեսպանը:

Ըստ նրա, այս իրավիճակը պարտադրում է Լիտվայի իշխանություններին լուրջ վերաբերվել այս հարցին, քանի որ տեսանելի է, որ գերտերությունները քաղաքական դիրքորոշումներից անցնում են գործնական քայլերի: