Ըստ որոշ տվյալների, Սահակաշվիլին իր նախագահության վերջին ամիսներին Վրաստանի մի մասը Թուրքիային է տվել: Փորձագետները կարծում են, որ այդ նվերը յուրօրինակ վարձատրություն է Թուրիքայի և ԱՄՆ հետ Ռուսաստանի դեմ ռազմական և ռազմավարական դաշինքի համար:
Հունիսի սկզբին ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ Վրաստանի տարածքի մի մասը անհայտ պատճառներով անցել է Թուրքիային: «Կովկասի վեստնիկը» գրում է, որ առաջինն այդ մասին իմացան աջարական Կիրնատի գյուղի բնակիչները: Դաշտային աշխատանքների դուրս եկած գյուղացիներին կանգնեցրել են անսպասելի հայտնված թուրք սահմանապահները ծառայողական շների հետ: Նրանք հայտարարել են, թե գյուղացիները գտնվում են թուրքական հողում և հրամայել են նրանց հեռանալ: Սեփական աղբյուրի վրա հղումով, պարբերականը պնդում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընտրություններում պարտվելուց առաջ Թուրքիային է վաճառել Վրաստանի Կիրնատի գյուղի մերձակա դաշտերը խորհրդանշական 1 լարի գումարով:
Թե որքանով է այդ տեղեկատվությունը հավաստի, դժվար է դատել, սակայն ակնհայտ է, որ Թուրքիան բոլոր անհրաժեշտ լծակներն ունի ստիպելու համար Սահակաշվիլիին դիմել այդ կասկածելի գործարքին: Նման լծակներից մեկը Վրաստանի մասնակցությունն է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի կառուցմանը: Այն նախատեսված է ադրբեջանական նավթը թուրքական Ջեյհան նավահանգիստ տեղափոխելու համար, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Այդ նախագիծը կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Նավթամուղի շինարարության հիմնական նպատակը Ռուսաստանը շրջանցող նավթամուղի ստեղծումն է դեպի համաշխարհային շուկաներ Ադրբեջանից, իսկ հետո նաև Ղազախստանից: Սա առաջին նավթամուղն է ԱՊՀ-ում, որը շրջանցում է Ռուսաստանը և կառուցվել է ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությամբ:
Նավթամուղից բացի կառուցվում է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: «Ստեղծվում է տրանսպորտային միջանցք: Հասկանալի է, որ այն ունի աշխարհառազմավարական նշանակություն,-ասում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:-Անհրաժեշտության դեպքում այդ միջանցքով կարող են հեշտությամբ շարժվել ՆԱՏՕ-ի զորքերը: Եթե Ռուսաստանը հակամարտություն ունենա ՆԱՏՕ-ի հետ, նրանք կկարողանան արագ տեղափոխել զորքերը, անջատելով մեր տարածքից ռուսական ռազմակայանը Հայաստանում»: Որպես հաստատում Ալեքսանդրովը բերում է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքը, որը 2003-ին ասել է թե դաշինքի զորքերը, հավանաբար, պաշտպանության տակ կառնեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը: «Հետո, ճիշտ է, նրանք այլևս հրապարակավ չեն արտահայտվել այդ հարցի շուրջ»,-ասում է փորձագետը:
Ուստի, շարունակում է Ալեքսանդրովը, Սահակաշվիլին աշխատում էր առավելագույնս կապեր հաստատել Թուրքիայի հետ: «Նա բացեց նրանց առջև սահմանը Աջարիայում և փաստացի թույլատրեց թուրքական բիզնեսին ազատ առևտուր անել երկրում,-ասում է քաղաքագետը:-Դա արվում էր արևմտյան հովանավորների հուշումով, ստեղծելու համար Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքը: Ալեքսանդրովը կարծում է, որ Թուրքիան կարող էր օգտվել Արևմուտքից Սահակաշվիլիի կախյալ վիճակից և ճնշում գործադրել նրա վրա տարածքների հարցում, և վերջինս ստիված է եղել համաձայնվել, չփչացնելու համար հարաբերությունները, գրում է «Արգումենտի ի ֆակտին»:
Չնայած Արևմուտքի հովանավորությամբ իրականացվող համագործակցությանը, Վրաստանի ու Թուրքիայի հարաբերություններն անամպ չեն եղել: «Մի կողմից, թուրքերը միշտ ճանաչել են Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ,-ասում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը,-սակայն, մյուս կողմից, թուրքերի համար միշտ բաց է եղել «աբխազական պատուհանը»: Փորձագետը պարզաբանում է, որ Թուրքիան, շրջանցելով Թբիլիսիին, սերտ առևտրային հարաբերություններ ուներ Աբխազիայի հետ, դա շատ էր նյարդայնացնում վրացական ղեկավարությանը: «Բազմաթիվ սկանդալներ եղան, կապված թուրքական բեռնանավերի արգելանքի հետ, եղել է և գործակցություն Աբխազիայի շրջափակման ժամանակ»,-ասել է Մարկեդոնովը: Նա հավելել է, որ առևտրային հարաբերոթյունները Թուրքիայի ու Աբխազիայի միջև շարունակվում են մինչ օրս: Ինչ վերաբերում է վրացական տարածքի մի մասը Թուրքիային վաճառելու հնարավորությանը, Մարկեդոնովը չի բացառում, որ դա ճիշտ է: «Սահակաշվիլիից կարելի էր նման բան ակնկալել: Նա հակված է արտառոց արարքների,-նշում է փորձագետը:- Հեռանկարում ռուսական ուղղության դեմ դաշնակից ստանալու միտումով նա կարող էր նաև նման քայլի գնալ»:






