Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին մերժել է ազգային միասնության կառավարության ձևավորման կոչերը, ուղղված սունի ապստամբներին հակազդելուն, որոնք նորանոր տարածքներ են գրավում երկրում: «Ազգային կառավարման ձևավորման վնասակար նպատակներն ակնհայտ են,-ասել է նա:-Դա նրանց փորձն է, ով դեմ է գնում սահմանադրությանն ու ցանկանում է ոչնչացնել դեռևս երիտասարդ ժողովրդավարությունն ու գողանալ ընտրողների ձայները»:
ԱՄՆ-ն նախկինում դիմել էր վարչապետին, վստահեցնելով նրան, որ Իրաքին հարկավոր է կառավարություն, որը ներկայացնում է բոլոր կրոնական ու ազգային խմբերը:
Մինչդեռ կառավարական զորքերին, որոնք պայքարում են ապստամբ իսլամիստների դեմ, չի հաջողվում վերադարձնել նրանց կողմից վերջերս գրաված տարածքները:
Իր ամենշաբաթյա հեռուստաուղերձում Ալ Մալիքին հաշտեցման կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին ի դեմս «ահաբեկիչների կատաղի ճնշման»:
Սակայն շիա վարչապետը կառավարությունում ավելի մեծ մասնակցության խոստում չտվեց սունիներին, որոնք վաղուց են նրան մեղադրում խտրականության և իշխանության մենաշնորհի մեջ:
Գրոհայինների հարձակումը ստիպեց հարյուր հազարավոր մարդկանց Իրաքի հյուսիսում ու արևմուտքում լքել իրենց տները:
Իրաք իր այցելության ժամանակ Ջոն Քերին զգուշացրել է Իրաքի պատմության մեջ վրահաս «վճռական» պահի մասին: Նա խոստացել է, որ ԱՄՆ աջակցությունը զգալի ու հետևողական կլինի, ինչպես նաև արդյունավետ, եթե Իրաքի առաջնորդները անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն երկրի միավորման համար:
Այժմ 130 ամերիկացի ռազմական խորհրդատուներ Իրաքի հետ համատեղ հրամանատարական կետեր են կազմակերպում Բաղդադում ու երկրի հյուսիսում: ԱՄՆ իշխանությունները հասկացրել են, որ դա «օգնություն չէ», թեև ռազմական խորհրդատուները, եթե անհրաժեշտ համարեն, լիազորված են օդային աջակցություն խնդրել գրոհայիններին հետ մղելու համար:
Ամերիկացիների հիմնական խնդիրն է որոշել Իրաքի զինված ուժերի հնարավորությունները և խորհուրդներ տալ հետագա գործողությունների վերաբերյալ, հայտնում է ВВС-ին:
Իրաքի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կասիմ Ատտան նախօրեին հայտնել էր, որ զինված ուժերն ամբողջապես վերահսկում են Բայջի քաղաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանը:
Պետական հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որտեղ ուղղաթիռները լրացուցիչ ուժեր են կուտակում գործարանի շրջակայքում:
Իրաքի ռազմական ինքնաթիռը գրոհել է նաև Բայջի քաղաքը: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ 19 ահաբեկիչ է սպանվել, սակայն ըստ ականատեսների, զոհվածների թվում եղել են խաղաղ բնակիչներ: Ասվում է նաև, որ զինված ուժերն ու նրանց հետ գործակցող ցեղերը հետ են մղել Հադիգա քաղաքի վրա հարձակումը, որի հարևանությամբ է գտնվում հիդրոէլեկտրակայանը, որը էներգիայով է ապահովում Բաղդադին:
Մինչդեռ, ԱՄՆ ԶԼՄ-ները ամենազազրելի տոնով են ներկայացնում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, թեև օրերս New York Times-ը հայտնել է, որ կառավարական զորքերը հարյուրավոր գերված սունիների են կոտորել, որոնք կռվում են ահաբեկիչների կողմից: Գերիներին տեղափոխում էին այլ կալանավայր, երբ հանկարծ ուղեկցողները կանգնեցրել են ավտոբուսներն ու գնդակահարել են կալանավորներին: Ըստ վարկածներից մեկի, դա վրեժ էր 1700 գերված իրաքցի զինվորների համար, որոնց գրոհայինները, ըստ իրենց, մահապատժի են ենթարկել հունիսի 15-ին: Իրաքի ոստիկանության սպան պարզաբանել է, որ «բոլոր այդ կալանավորները հանցագործներ էին ու մասնակցել են սպանությունների և պայթույնների: Նրանց մեծ մասը «Ալ Քայիդայի» կամ ISIS-ի հրամանատարներ էին: Նրանց վերջը վաղուց էր պետք տալ»:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:
Իրավիճակն Իրաքում վատթարացավ վերջին օրերին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման գրոհայինները գրավեցին խոշոր Մոսուլ և Տիկրիտ քաղաքները և հայտարարեցին դեպի Բաղդադ հարձակում ծավալելու մտադրության մասին: Իրաքցի զինծառայողները փախել են շրջաններից ծայրահեղականների ուժերի ճնշման տակ, զինվորականներից շատերը գերի են վերցվել ու սպանվել գրոհայինների կողմից: Որոշ տվյալներով, գրոհայինները գնդակահարել են մոտ 1000 զինվորների:






