Քեսաբի բժշկական կենտրոնը շուտով կբացվի և մոտ ապագայում կսկսի ընդունել հիվանդների: Ըստ Սիրիայի առողջապահության նախարար Սաադ ալ Նաիֆի, այժմ վերականգնման աշխատանքներ են ընթանում, հայտնում է SANA գործակալությունը:
Դամասկոսում Առողջապահության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆֆի հետ Քեսաբ այցելությունից հետո նախարարը նշել է, որ նոր սարքավորումները բուժկենտրոնի համար կբերվեն Դամասկոսից: Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլ-Քադերն իր հերթին հայտարարել է, որ բոլոր ծառայությունները Քեսաբում լավ վիճակում են և քաղաքը վերադառնում է նորմալ կյանքի:
Մինչդեռ, Լաթաքիայի Ռաբիա, Ալ Մաետմա և Սաքիյաթ Ալ Կերտ բնակավայրերում բանակային ստորաբաժանումները հունիսի 26-ին 23 ահաբեկչի ոչնչացրին: Սպանված գրոհայինների թվում է նաև «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման պարագլուխներից մեկը՝ Ասադ Զարեյքը Աբու Լեյս Ալ Ջեբլյավի կեղծանունով, ինչպես նաև գրոհայիններ Ահմադ Բալշան Աբու Մուսաաբ կեղծանունով և Ահմադ աս Սուսը: Ջախջախվել է արկերի պահեստը, մի քանի զրահապատ մեքենա: Հունիսի 15-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարել է, որ մեծաթիվ ավազակային խմբավորումների ոչնչացման արդյունքում բանակային ստորաբաժանումները վերականգնել են Քեսաբում անվտանգությունն ու կայունությունը:
Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան:
Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:
«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012-ի հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում, կազմակերպության անդամները ժխտում են դա, բայց հաստատում են, որ հավատարիմ են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:






